Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը (տեսանյութ)

27 Հունիս, 2024 10:36
ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների  հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը (տեսանյութ)

Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում  ներդրվել է այսպես կոչված «Մեյլինգ» համակարգը: 

ՀՀ-ից արտահանվող (այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների համար ներկայացված հայտարարագրերը գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգի կողմից «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» ընտրվելու դեպքում (որը ենթադրում է փաստաթղթային հսկողություն) այսուհետ անհրաժեշտություն չկա ֆիզիկապես ներկայանալու Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման կենտրոն»։

Մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը իրականացվում է հեռավար եղանակով: Անհամապատասխանությունների բացակայության դեպքում հայտարարգրի կարգավիճակը փոխվում է «գնահատվածի», որից հետո հայտարարատուն իրազեկվում է այդ մասին համակարգի «նշումներ» դաշտում և կարող է այցելել ապրանքերի գտնվելու վայրի պահեստ՝ բացթողնման հետագա գործողություններն իրականացնելու համար: 

Եթե հայտարարագրում հայտնաբերվում են  անհամապատասխանություններ, ապա    մաքսային մարմինը «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով հայտարարագրի նշումներ դաշտում իրազեկում է հայտարարատուին` անհրաժեշտ հետագա գործողությունների մասին։ 

Ներմուծումների մասով` ներկայումս նշված համակարգում թեստային կարգով ընդգրկված է ավելի քան 1100 տնտեսվարող, որոնք ընտրվել են համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ որոշակի չափանիշների հիման վրա (օրինակ՝ գերակշիռ մասը մաքսային արժեքի որոշման 1-ին մեթոդով իրականացրած տնտեսվարողներ), որոնք արդեն իսկ հարկային մարմնի անձնական գրասենյակի միջոցով անհատապես  ծանուցվել են, որպեսզի չներկայանան մաքսային սպասարկման սրահ:

Հայտարարատուներին պարզապես մնում է  պարբերաբար հետևել    «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում համապատասխան հայտարարագրի կարգավիճակին ու նշումներին:  

ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսվարողներին ու նրանց մաքսային ներկայացուցիչներին  հայտարարագրերին կցել  հսկողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում, մաքսային վճարները հավաստող փաստաթղթերը հնարավորինս ընթեռնելի տեսքով:

 

Լրահոս

Դիտել ավելին