Կարևոր իրադարձություններ

Վարորդը չի ենթարկվել պարեկի «կանգառ» հրահանգին, հարվածել է ծառայողական ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ

23 Հունիս, 2024 17:34
Վարորդը չի ենթարկվել պարեկի «կանգառ» հրահանգին, հարվածել է ծառայողական ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ

Այսօր՝ հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արցախի պողոտայում փորձել է կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։

Պարեկները, տեսնելով որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել են մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ Nissan Teana-ն բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։

Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց է արձակվել Nissan Teana-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ Nissan-ը բախվել է պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի, անվտանգության բարձիկը բացվել է, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել են հիվանդանոց։

Արդեն Մանթաշյան փողոցում պարեկների հաջողվել է վնասազերծել Nissan-ի վարորդին ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 խումբը տեղում օգնություն է ցուցաբերել նաև վթարված Opel-ի վարորդին։

Տարածքը սահմանազատել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և հավանաբար սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն։

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված պարեկների ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին