Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում

19 Հունիս, 2024 22:11
Հակոբ Արշակյանը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Հունիսի 19-ին ԱԺ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շոկրատ Զաքիրի հետ:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցությունը զարգանում է մեծ տեմպերով:

Քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ համագործակցության արդյունավետությանը վերաբերող հարցեր:

ԱԺ փոխնախագահը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաեւ մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության վրա:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում «Մեկ Չինաստան» սկզբունքին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջեւ բարեկամական կապերը, մշակութային եւ հոգեւոր արժեքները, պետությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին