Կարևոր իրադարձություններ

«4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում

19 Հունիս, 2024 19:43
«4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի 4 բնակավայրում իրականացնում է «4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը:

Ծրագիրը մեկնարկել է մարտից Գեղարքունիքի մարզի Սոթք սահմանամերձ գյուղում: Այնուհետ այն իրականացվել է նաև Վարդենիս քաղաքում, որի արդյունքում ստեղծվել է մեկ րոպե տևողությամբ 20 ֆիլմ: Ծրագիրը շարունակվել է Գավառում՝ Գավառի երիտասարդների տանը, որտեղ կինոյում առաջին քայլերն արել է 14 հեղինակ։

Աշխատարանների ընթացքում նկարահանված բոլոր ֆիլմերը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «Մէկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 22-րդ փառատոնին։ Ֆիլմերի հեղինակներն այդպիսով հնարավորություն են ունեցել զարգացնելու կինոյի ոլորտում իրենց նախնական կրթությունն արդեն Երևանում՝ փառատոնային հանդիպումների և քննարկումների միջավայրում։

«Վարդենիս» մեկրոպեանոց ֆիլմն (հեղինակ՝ Աննա Ղազարյան) արժանացել է փառատոնի «Մէկ կադր մէկ րոպե» մրցութային անվանակարգում հայկական ֆիլմերի համար նախատեսված ամենաբարձր գնահատականին և ներկայացված 100 ֆիլմերի շրջանակում ճանաչվել տարվա լավագույն հայկական «Մէկ կադր մէկ րոպե» ֆիլմ։

«4-օրյա կինոաշխատարան» ծրագրի վերջին կանգառը Սևան քաղաքն է: Այն  նախատեսվում է իրականացնել  հունիսի 22-25-ը Սևանի մշակույթի տանը։

Ֆիլմերի առցանց դիտման հղումն այստեղ՝ https://tinyurl.com/337j8uns:

 

Լրահոս

Դիտել ավելին