Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովում ներկայացվել է զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը

18 Հունիս, 2024 22:19
Ազգային ժողովում ներկայացվել է զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ փաստաթուղթը մի քանի անգամ քննարկվել է ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների ժամանակ: Հերիքնազ Տիգրանյանի տեղեկացմամբ այս պահին փաստաթուղթը պաշտոնապես գտնվում է գործադիր մարմնում՝ շրջանառության մեջ, և գրեթե ամբողջացված է վերջին լրամշակումներով: Այս աշխատանքային քննարկումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորները կարող են իրենց առաջարկները ներկայացնել հանձնաժողովին կամ գործադիր մարմնին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով փաստաթուղթը քաղաքականության տեսլականն է՝ հստակ սահմանումներով, չափորոշիչներով և ձևաչափով: Այն ոչ միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այլև Կառավարության փաստաթուղթն է, որի վրա աշխատել են մի շարք նախարարությունների աշխատակիցներ:

Ըստ նրա՝ ՀՀ զբաղվածության ռազմավարության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ վերջինս երկար քննարկվել է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս՝ ներգրավելով Աշխատանքի միջազգային կազմակերպության, Համաշխարհային բանկի, այլ միջազգային և տեղական կառույցների փորձագետների: Փոխնախարարի խոսքով փաստաթուղթը միտված է ոչ միայն զբաղվածության նեղ ընկալման խնդրի լուծմանը, այլև տնտեսության զարգացմանը: «Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել «Ամերիա» ՓԲԸ-ի և Սիվիտտա Արմենիայի մեր գործընկերներին, որոնք լուրջ ներդրում կատարեցին այս ծրագիրը մշակելիս»,- նշել է Ռուբեն Սարգսյանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը տեղեկացրել է, որ քննարկումը կազմակերպվել է ՄՀԻ-ի «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում:

«Մենք առաջնահերթություն ենք տալիս միջգերատեսչական համագործակցությանը, հաղորդակցությանը, ներառական մասնակցային քաղաքականության մշակմանը: Միջազգային հանրապետական ինստիտուտն ուրախ է աջակցելու Զբաղվածության ռազմավարական ծրագրի քննարկմանը, որը երկրի համար կարևոր ռազմավարական փաստաթուղթ է: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել խորհրդարանին և նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Ջեյմս Դե Ուիթը:

«Ամերիա» ՓԲԸ-ի և Սիվիտտա Արմենիայի ներկայացուցիչներ Տիգրան Ջրբաշյանը և Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել են ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագիծը, պատասխանել պատգամավորների հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին