Կարևոր իրադարձություններ

152 դրվագ համակարգչային հափշտակություն մեկ անձի կողմից. պատճառվել է խոշոր չափի վնաս. ՔԿ (տեսանյութ)

18 Հունիս, 2024 18:15
152 դրվագ համակարգչային հափշտակություն մեկ անձի կողմից. պատճառվել է խոշոր չափի վնաս. ՔԿ (տեսանյութ)

Տավուշի մարզի 36-ամյա բնակիչը 2020թ․ օգոստոսից մինչև 2022թ․ դեկտեմբերը «facebook» սոցիալական կայքում ստեղծել է տարբեր անվանումներով անհատական էջեր, որոնց միջոցով նամակագրություն է վարել նույն կայքում գրանցված տարբեր անձանց հետ։

Վերջիններիս անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելուն, դրանք նույնականացնելուն աջակցելու և բոնուսներ տրամադրելու կեղծ պատրվակներով ստացել է նրանց բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» վճարային համակարգից ստացված ծածկագրերը, ուղղորդել է նշված անձանց վճարային համակարգում դրամապանակները նույնականացնելու գործընթացում:

Այնուհետև ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված էլեկտրոնային դրամապանակների տվյալները՝ տարբեր անձանց անվամբ բանկից և ունիվերսալ վարկային կազմակերպությունից առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տվյալն առանց համապատասխան թույլտվության մուտքագրելու եղանակով հափշտակել է իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված, ինչպես նաև՝ դրամապանակներին կցված բանկային քարտերից առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնք փոխանցել է տարբեր խաղային կայքերում իր կողմից օգտագործվող հաշիվներին:

2022թ․ փետրվարից մինչև 2023թ․ հուլիս ընկած ժամանակահատվածում, քննությամբ դեռևս չպարզված անձի կողմից թվով 21 հեռախոսահամարներով, դրանցով գրանցված «WhatsApp» կամ «Viber» հավելվածներով կատարված հեռախոսազանգերի միջոցով տարբեր քաղաքացիներից ստացված անհրաժեշտ ծածկագրերն օգտագործելով, մուտք է գործել նրանց անվամբ գրանցված տարբեր էլեկտրոնային դրամապանակներ և տարբեր ընկերությունների «Оnline banking» հավելվածներ:

Այնուհետև անձանց անվամբ առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տվյալն առանց համապատասխան թույլտվության մուտքագրելու եղանակով հափշտակել է պայմանագրերով հաստատված, ինչպես նաև՝ անձանց՝ իր կողմից փաստացի կառավարվող բանկային հաշիվներին փոխանցված գումարները և դրանք էլեկտրոնային դրամապանակների և «Оnline banking» հավելվածների միջոցով փոխանցել տարբեր խաղային կայքերում իր կողմից օգտագործվող հաշիվներին և տարբեր անձանցից ձեռք բերված բանկային քարտերի հաշիվներին:

Նման եղանակներով կատարվել է ընդհանուր 152 դրվագ համակարգչային հափշտակություն, որոնց հետևանքով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 102.213.328 ՀՀ դրամ։

Տավուշի մարզի բնակչին ներկայացվել են մեղադրանքներ և նրա մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին