Կարևոր իրադարձություններ

ՁՊՎ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է մի շարք խնդիրներ

18 Հունիս, 2024 10:09
ՁՊՎ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության կարևոր ուղղություններից է ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը:

Հենց այս գործունեության շրջանակում ամբողջ տարվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկման այցեր Ոստիկանության բաժիններ, Ձերբակալված անձանց պահման վայրեր (ՁՊՎ) և մի շարք այլ փակ հաստատություններ։ Պարբերաբար վեր են հանվել խնդիրներ և դրանց լուծման առաջարկները ներկայացվել են պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի` Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն, ի թիվս այլնի, ՁՊՎ-ներում արձանագրել է խնդիրներ` կապված ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի կանխարգելման հետ։ Մասնավորպես, մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՁՊՎ-ներում առկա չէ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների ռիսկերի գնահատման որևէ մեխանիզմ։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է․

սահմանել ազատությունից զրկված անձի՝ ՁՊՎ մուտք գործելիս ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկերի գնահատման համապատասխան կառուցակարգեր,

ՁՊՎ-ի ծառայողների համար իրականացնել վերապատրաստումներ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների դեպքերին պատշաճ արձագանքելու, այդ թվում՝ դրանց կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ,

ՁՊՎ-ի ծառայողների համար կազմակերպել առաջին բուժօգնություն տրամադրելու կարողությունների զարգացման վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ:

Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, սանիտարահիգիենիկ ու պահման պայմանները, հակահրդեհային համակարգերը, ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանները և այլն: 

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին