Կարևոր իրադարձություններ

Համաժողով՝ դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ

16 Հունիս, 2024 10:14
Համաժողով՝ դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովը։

Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։

ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց՝ միջազգային ստանդարտների և առաջավոր փորձի վերլուծությունը վկայում է այն մասին, որ վիճակագրությունը համակարգված և գիտակցված կիրառելու պարագայում կարող է արդյունավետ գործիք հանդիսանալ դատական գործունեությունը, կատարողականի արդյունքները գնահատելու, պլանավորելու և դատարանի արդյունավետ կառավարումն իրականացնելու գործում։

ԻՀԱ-ն այն տեսակետն է պաշտպանում, որ դատական իշխանության իրական անկախությունը այլընտրանք չունի․ «Դատական իշխանությունը քաղաքական փոփոխությունների ազդեցություններից պետք է 100 տոկոսով զերծ մնա։ Մենք նման համակարգեր, կառուցակարգեր պետք է ունենանք»։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ այս ոլորտում գործ ունենք դատավորների հանդեպ ընդհանուր անարդարության հետ, ինչը գալիս է և՛ իրենց կատարած աշխատանքի ոչ պատշաճ գնահատումից, և՛ նաև այն բոլոր անարդար մեղադրանքներից, որոնք դատավորները ստանում են։

«10 բալանոց համակարգով բոլոր դատավորները ստանում էին 10 բալ, դա ի՞նչ համակարգ է, որտեղ բոլորը հավասար են, բոլորը նույն կերպ են աշխատում, լավ ու վատ դատավոր չկար, լավ ու վատ դատական ակտ չկար։ Դրա համար է, որ մենք ոչ թե փորձում ենք նոր հեծանիվ հայտնագործել, այլ ընդամենը ստեղծել մի արդար սիստեմ, որով դատավորն արդար կգնահատվի, դրա համար կստանա արդար ազդեցություններ՝ բոնուսի տեսքով, առաջխաղացման տեսքով, ուղղակի հանրային գնահատականի տեսքով, իսկ թերացած դատավորն էլ կստանա հնարավորություն ուսումնական գործընթացների ընթացքում բարելավել իր կարողությունները»,-ասաց Անդրեասյանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունեց օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա դատավորների գնահատման գործընթացը։

Դեսպանը, անդրադառնալով համաժողովին՝ ընդգծել է, որ վիճակագրության և վիճակագրական վերլուծության կիրառումը չափազանց կարևոր է արդարադատության և հակակոռուպցիոն համակարգերի արդյունավետության համար։

«ԵՄ-ն կարևորում է ՀՀ-ում օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ դատաիրավական։ Այս պահին Հայաստանին  բյուջետային և տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում։ ԵՄ-ն կարևորում է նման գործընթացների հնարավորինս ներառական և շահագրգիռ, բոլոր կողմերի ներգրավմամբ քննարկումները։ Ողջունում ենք նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նման միջոցառումների իրականացումը»,-նշեց դեսպանը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նախարարության անունից ողջունեց համաժողովի անդամներին, շնորհակալություն հայտնեց ԻՀԱ-ին, ԲԿԳ-ին՝ այս գործընթացներին մշտապես և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

Նա նշեց, որ ՀՀ Կառավարությունը 2018 թվականից ի վեր դատական և իրավական բարեփոխումների օրակարգը պահում է իր առաջնային թիրախում և այս օրակարգի շրջանակներում, բնականաբար, անկյունաքարային նշանակություն ունի դատական համակարգի շարունակական բարեփոխումը՝ տեսլական ունենալով առավել թափանցիկ, արդյունավետ և վստահություն վայելող դատական համակարգի ամրապնդումը։

Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող/կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանի խոսքով՝ նախաձեռնությունը տարիներ շարունակ հանդիսացել է որպես մասնակցային քննությունն անցած հարթակ, որտեղ Հայաստանի Կառավարության գործողությունների ծրագիրը ձևավորվել է բացառապես մասնակցային լինելով և հանձնառությունները ներկայացված են եղել քաղաքացիական հասարակության, քաղաքացիների կողմից․ «Շատ կարևոր է, որ բոլոր հանձնառությունները իսկապես բխել են հանրային կարիքից, քաղաքացիակենտրոն են եղել։ Մենք ունեցել ենք մի շարք հանձնառություններ, որոնք ներդրել են թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի համակարգեր»։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանն իր բացման խոսքում ողջունեց համաժողովի անցկացումը, այն համարեց կառավարություն-քաղաքացիական հասարակություն-զարգացման գործընկերներ կառուցողական «եռախոսության» նոր ազդակ:

«Կոալիցիան իր ստեղծման պահից մինչ օրս, հիմնականում առանց որևէ ֆինանսավորման, իր կազմակերպությունների մասնագիտական ջանքերով ու անձնական միջոցներով նախաձեռնել և մասնակցել է ՀՀ-ում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այդ թվում` ապօրինի հարստացման քրեականացմանը, ազդարարման համակարգի և հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի, այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենսդրական դաշտի ստեղծմանը, հանրային գնումների գործընթացում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանը, բիզնես և այլ ոլորտներում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը»,-նշել է նա:

Զեկույցներով հանդես եկան Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Անի Մխիթարյանը, «ԲԿԳ բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի փորձագետ Մարիամ Զադոյանը, ԻՀԱ փոխնախագահ, դատաիրավական և հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանը, ՀՀ ԱՆ վերահսկողական վարչության 5-րդ բաժնի գլխավոր իրավաբան Սուսաննա Դավթյանը և Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ Արմինե Ալիխանյանը։

Այնուհետև պետական կառույցների ներկայացուցիչները, դատավորները, քաղհասարակության ներկայացուցիչները «հարց ու պատասխան» ֆորմատով քննարկեցին գործող համակարգի խնդիրները, խոսեցին նոր համակարգի գործարկման հեռանկարների, հնարավորությունների մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին