Կարևոր իրադարձություններ

Հռոմի կանոնադրության պատշաճ կիրարկման նպատակով արդարադատության նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում

14 Հունիս, 2024 19:51
Հռոմի կանոնադրության պատշաճ կիրարկման նպատակով արդարադատության նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Մոնպելիեի Մարդու իրավունքների ինստիտուտի, Մոնպելիեի փաստաբանական պալատի և Մոնպելիեի քաղաքապետարանի ներկայացուցիչներին։

«Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը համագործակցության նախաձեռնության համար և ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունն ու գործադրած ջանքերը։ Այս առումով, նախարարի տեղակալը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված Կառավարության աշխատանքները, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ նոր գլխի նախատեսումը։

 Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024 թ. մայիսի 10-ին հրապարակված՝ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումներին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիներին կարգավիճակ չտրամադրելու և քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ։

Այս համատեքստում Կարեն Կարապետյանն առանցքային է համարել Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը՝ հաշվի առնելով դրա նշանակությունը միջազգային ատյաններում Ադրբեջանի հանցագործությունների հասցեագրման հարցում։ Նախարարի տեղակալը նշել է, որ Հռոմի կանոնադրության պատշաճ կիրարկման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում ինչպես օրենսդրական դաշտի ներդաշնակեցման, այնպես էլ իրավապահ համակարգի և դատարանների՝ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության հարցում կարողությունների զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են փոխգործակցության հնարավոր ուղղությունները և պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու միջազգային դատարանների հետ փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում։

 Նշենք, որ Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը և համատեղ պատվիրակության անդամներն ակտիվ աջակցություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերաբերյալ հարցերի միջազգային հարթակներում բարձրաձայնելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին