Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա. Նիկոլ Փաշինյան

13 Հունիս, 2024 15:25
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի  կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա. Նիկոլ Փաշինյան

«Չնայած քննարկում ենք 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, բայց հայտնի հանգամանքների բերումով՝ նախ պիտի անդրադառնամ երեկ տեղի ունեցած իրադարձություններին և արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի  կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա: Ոստիկանության հակազդեցությունն եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ: Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա»,-այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետը` հավելելով.

«Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը, ընդ որում՝ եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ՝ դիմելով ոստիկաններին, ասել է, թե տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում: Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, ցավոք, Հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին: Տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի: Բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության:

Այս պահին հոսպիտալացված է 16 անձ, այսինքն՝ մնացածը, բուժօգնություն ստանալով, գնացել են տուն: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար: Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս և փորձում էին համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ՝ ակնհայտ էր, որ նման բան չկա, քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում եմ: Բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքը գետնից վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է և որը պայթել է նրա ձեռքի մեջ, այսինքն, եթե վերցնելու այդ ակտը տեղի չունենար, նման բան տեղի չէր ունենա: 

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին