Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հավաքների ազատության իրավունքի, վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված գործերի քննության համատեքստում առկա խնդիրները

13 Հունիս, 2024 10:09
Քննարկվել են  հավաքների ազատության իրավունքի, վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված գործերի քննության համատեքստում առկա խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սքոթ Մուռը և քաղաքական հարցերով մասնագետ Իրինա Մկրտչյանը։ 

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ներկայումս մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումներին։

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։

Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները, նշել, որ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: 

Ի թիվս այլնի, քննարկվել են  հավաքների ազատության իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված գործերի քննության համատեքստում առկա խնդիրները։

Իր հերթին Քրիստոֆեր Ջ. Անդերսոնը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին