Կարևոր իրադարձություններ

Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում

10 Հունիս, 2024 16:06
Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում

Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով  հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում, հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային  համակարգում: Այս նախագծով առաջարկում ենք ստեղծել հնարավորություն, որ դիմելու դեպքում նման քաղաքացիները կրկին կարողանան ընդգրկվել համակարգում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը`ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախաձեռնության  ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու եւ նրանց` որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու անհրաժեշտությամբ:

Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ ստացված 3 առաջարկներն ընդունվել են:

Նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի` հունիսի 11-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:

 

Լրահոս

Դիտել ավելին