Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած արժեքները. Միրզոյան

07 Հունիս, 2024 19:31
ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած արժեքները. Միրզոյան

Կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարարի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ սա կազմակերպության գլխավոր քարտուղարի մակարդակով առաջին այցն է Հայաստան՝ հույս հայտնելով, որ այցի ընթացքում քննարկումները կնպաստեն ՇՀԿ հետ Հայաստանի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
 
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է ՇՀԿ գործունեության հիմքում ընկած՝ պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները:
 
«Խաղաղություն, անվտանգություն և տնտեսական զարգացում՝ սա այն է, ինչ Հայաստանն աշխատում է կյանքի կոչել մեր տարածաշրջանում, և պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մեզ համար հիմնաքարային սկզբունքները և խաղաղության տեսլականը համընկնում են ՇՀԿ առանցքային մոտեցման հետ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
 
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացման հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն իր նպատակներով և ընձեռող հնարավորություններով ՇՀԿ շրջանակներում առկա առևտրատնտեսական համագործակցության և տրանսպորտային փոխկապակցվածության օրակարգի կարևոր բաղադրիչ կարող է լինել:
 
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային միջավայրին՝ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ տեսլականն ու գործադրվող ջանքերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին