Կարևոր իրադարձություններ

Կանանց մասնակցությունը նորարական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջինից ավելի բարձր է. Նարեկ Մկրտչյան

01 Հունիս, 2024 00:30
Կանանց մասնակցությունը նորարական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջինից ավելի բարձր է. Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA)-ի նախաձեռնությամբ իրականացվող «Տեղային մակարդակից՝ համաշխարհային․ միավորում հանուն փոփոխության» թեմայով սիմպոզիումին։ 

Անդրադառնալով կանանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին ու գերակայություններին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների հիմքում առանձնահատուկ կարևորվում է կանանց տնտեսական զորեղացման ապահովումը։ Նախարարի խոսքով՝ մշակման  փուլում գտնվող զբաղվածության, ժողովրդագրության, գենդերային ռազմավարությունների թիրախում, մասնավորապես՝ 30-ից 40 տարեկան կանանց մասնագիտական հմտությունների զարգացումն ու աշխատաշուկայում նրանց ներգրավումն է։ Այդ նպատակով իրականացվել են օրենսդրական մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ Աշխատանքային օրենսգրքում, որոնք հնարավորություն կտան հասնել ցանկալի արդյունքի։  

Քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանը խոսել է նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացված այն ծրագրերի մասին, որոնք հանրապետության տարբեր մարզերում բնակվող կանանց հնարավորություն են տվել ոչ միայն բարելավել իրենց գիտելիքը, այլև ձեռք բերել կայուն զբաղվածություն։ Նախարարը նշել է, որ այս ուղղությամբ ՀՀ-ում փորձարկված ծրագրերը ներկայացվել են նաև ՄԱԿ-ի գործընկեր կառույցներին, որոնց կողմից դրանք ճանաչվել են օրինակելի մոդելներ՝ կիրառելու նաև մյուս երկրների համար։    

Այս համատեքստում նախարարը խոսել է նաև նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի իրականացման կարևորության մասին՝ հիշատակելով, որ Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» կանանց իրավունքների հարցերով մեկնարկած նախաձեռնության թեմատիկ դաշինքի առաջնորդ՝ տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ։ 

«Ցուցանիշներից մեկը, որի համաձայն Հայաստանն ընտրվել է որպես կոալիցիայի առաջնորդող երկիր՝ այն է, որ կանանց մասնակցությունը նորարական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջինից ավելի բարձր է։ Սա մեզ հնարավորություն է տալիս հպարտորեն խոսել այս մասին, և պետք է փաստել նաև, որ սա հնարավոր չէր լինի, եթե, օրինակ՝ կրթական համակարգում համապատասխան միջավայր չապահովվեր»,- ասել է նախարարը։    

Պանելային քննարկման ընթացքում մյուս բանախոսները ևս կարևորել են ջանքերի համատեղումն ու շարունակական աշխատանքների իրականացումը՝ կանանց տնտեսական զորեղացման, կրթության իրավունքի լիարժեք իրացման, մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատաշուկայում ներգրավման ուղղություններով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին