Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել կրթական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովման համար

23 Մայիս, 2024 15:37
Կառավարությունը  հերթական գումարն է հատկացրել  կրթական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակում կատարել վերաբաշխում կատարողների միջև՝ 2,920,000.0 հազար դրամի չափով՝ արդյունքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, որը տվյալ ծրագրի շրջանակներում ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության՝ որպես ԲՍԿ–ի լիազորությունները, փոխանցելով թվով 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները:

Թվով 10 կրթահամալիրի համար պատվիրատու մարմին է սահմանվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, որոնցից 1–ը Արագածոտնում՝ Ճարճակիսի, 4–ը Գեղարքունիքում՝ Կախակնի կրթահամալիր, Արեգունու կրթահամալիր, Փոքր Մասրիկի կրթահամալիր, Մաքենիսի կրթահամալիր, 4–ը Լոռիում՝ Բազումի կրթահամալիր, Միխայլովկայի կրթահամալիր, Կաթնառատի կրթահամալիր, Գարգառի կրթահամալիր, 1–ը Սյունիքում՝ Սիսիան համայնքի Շաքիի կրթահամալիր: Որոշմամբ նաև դպրոցների տնտեսումների հաշվին 31.4 մլն ՀՀ դրամ գումար է հատկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թվով 3 դպրոցի գույքային հագեցվածության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող թվով 2 դպրոցի ջեռուցման աշխատանքների իրականացման նպատակով։ 

Այդ դպրոցներն են Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը (ճաշարանի գույքի ձեռքբերում), Ալավերդու Ստ․ Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը (տեսախցիկների ձեռքբերում), Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցը (էլեկտրոնային գրատախտակի ձեռքբերում), Վանևանի միջնակարգ դպրոցը (ջեռուցման աշխատանքների ձեռքբերում), Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցը (ջեռուցման աշխատանքների ձեռքբերում)։ Որոշման ընդունմամբ կկատարվի վերաբաշխում 300 դպրոցի ծրագրի կատարողների միջև, որի արդյունքում կապահովվեն կրթական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Վարչապետը հետաքրքրվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացվող կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքով, ինչին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է. «Նախ, պարոն վարչապետ, հստակեցնեմ, որ այն տասը, որ տիկին Անդրեասյանը նշեց այս վերաբաշխման եղանակով «Տարածքային զարգացման հիմնադրամին» սահմանում ենք որպես կատարող պատասխանատու: Սրանք նոր սկսվողներն են, որոնք տիպային նախագծեր են: Մենք, ըստ էության, մրցույթի ենք տալիս տիպային նախագիծը, արդեն տեղակապումը և շինարարությունը մեկ կատարող կապալառու կազմակերպության պայմանագրի շրջանակներում կշարունակի իրականացվել: Կրկին հստակեցնելու համար, մենք այս պրոցեսում անցյալ աշնանը մեկնարկած մոտ 90 կրթական հաստատությունների, դպրոցների կամ հանրակրթարանների, կրթահամալիրների, ըստ էության, նոր սկսվող գործընթացներ ենք կառավարում: Մեծամասամբ արդեն մրցույթները կատարված են 90-ից, որոնք մինչև ամառ նախատեսված պլանն են: Մոտ 10-15-ն այս ամսվա ընթացքում ավարտին կհասցնենք: 

Հիմնանորոգումների մեկ ուրիշ փաթեթ ենք պատրաստում: Դրանք հիմնականում 80-ականներից հետո կառուցված դպրոցներն են, որոնք շենքային գնահատման պայմանների տեսանկյունից համարվում են բավարար: Մենք այնտեղ հիմնական խնդիրներ ենք լուծում ներքին պայմանների, ջերմակայունության, սանիտարական պայմանների, նորացման, թարմացման խնդիրներն ենք լուծում: Այս ամռանն արդեն թվով առնվազն 50 դպրոցների փաթեթ կունենանք և դրանք նույնպես առանձին նախագծերով կբերենք կառավարության հաստատմանը: Կշարունակենք նաև, պարոն վարչապետ, որովհետև մեր պլանն է՝ այս երկրորդ խումբն առնվազն 150-ի հասցնել: Առանձնահատկությունն այն է, որ մենք այս 50-ի օրինակով մի հատ կփորձարկենք, կհասկանանք՝ ինչ եղանակով ենք մենք առանձնացնում, ընդհանուր մոտեցումներ կամրագրենք և արդեն հաջորդ տարվա ընթացքում կշարունակենք նաև մյուս 100-ը»: 

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև որակի ուղղությամբ տարվող աշխատանքներով, ինչին ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը զեկուցել է.  «Ամենօրյա հսկողություն ենք իրականացնում, ակտիվ աշխատում ենք մարզերի մեր գործընկերների հետ, մարզպետարանի: Հիմնականում աշխատանքները գնում են առանց լուրջ խնդիրների, բայց որոշ տեղերում, օրինակ՝ երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Շատջրեքի դպրոցում մարզպետարանի մեր գործընկերների հետ ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ շեղումներն այնպիսին են, որ հնարավոր չէ լուծում տալ, վերականգնել, և հանձնաժողովը որոշում կայացրեց, որ այդ մի մասնաշենքն ապամոնտաժվի: Շինարարն իր ուժերով ապամոնտաժել է և իր ուժերով պետք է իրականացնի այդ ապամոնտաժված հատվածի շինարարությունը: Տեղեր կան, որ զուգահեռաբար շինարարությանը մենք ուսումնասիրում ենք նաև նախագծային լուծումները և հնարավորինս ձգտում ենք բարելավել այն փորձի հիման վրա, որը կուտակել ենք այս նախորդող ժամանակահատվածի ընթացքում: Մեկ-երկու այդպիսի դեպքեր ունենք, որոնք պետք է ապամոնտաժվեն: Մեկն արդեն ապամոնտաժել ենք, հաջորդն առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը լինելուց հետո, կապամոնտաժենք: Մնացած տեղերում որակի լուրջ խնդիրներ չունենք, բոլորը շտկվող են, արձանագրվում են, կշտկենք, առաջ կգնանք առանց որակական լուրջ խնդիրների»:

 Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Ինչքան էլ հասկանում ենք, որ ցավալի է, որ այդ ապամոնտաժման գործընթացը ժամանակ է տանում, մեր պլանները հետ են ընկնում, բայց մենք պետք է սկզբունքային գտնվենք, որովհետև մեկ, երկու, երեք այդպիսի նախադեպերը նաև մեր հարգելի շինարարներին հստակ ուղերձ կլինեն, որ այդպես պետք չի անել: Այսինքն՝ շահավետ չէ նաև իրենց համար այդպես վարվել: Իհարկե, հեշտ չի լինելու, ենթադրում եմ՝  տարբեր բողոքարկումներ կլինեն և այլն, կնկնենք երբեմն դատական պրոցեսների մեջ, որոնք հնարավոր է տարիներ տևեն, բայց կապ չունի, մենք պետք է այդ ճանապարհով գնանք»: 

Թեմայի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերից մեկին, ըստ որի մարզակառույցները կապահովվեն ժամանակակից մարզական գույքով, կբարելավեն դրանց մարզման պայմանները: Ըստ այդմ՝ գործադիրի որոշմամբ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ հասարակական կազմակերպություններին կհատկացվի անհատույց սեփականության իրավունքով գույք: Որոշմամբ հաստատվել է 2024 թվականին ձեռք բերվող գույքի բաշխման ցանկը՝ ըստ Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային  ֆեդերացիաների  և այլ հասարակական կազմակերպությունների: Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման նպատակով մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովում, դրանց մարզման պայմանների բարելավում:

 

Լրահոս

Դիտել ավելին