«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, և ավանդույթի համաձայն, այս տարի ևս անցկացվեց «Թանգարանների գիշեր» ծրագիրը, որի շրջանակներում անվճար սկզբունքով մինչև կեսգիշեր բաց էին հանրապետության 118 թանգարանի դռները:
Ցուցադրությունից զատ, մի շարք թանգարաններում անցկացվեցին տարբեր միջոցառումներ: Այս տարին, սակայն, ուշագրավ էր նաև նրանով, որ Հայաստանի թանգարանների ցանկը համալրվեց ևս մեկով. Team Telecom Armenia-ն «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վերաբացեց Կապի թանգարանը։ Թանգարանում առաջին շրջայցն անցկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։
Կապի թանգարան այցելությունը եզակի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ, ցանկանում են տեսնել անցած դարում օգտագործված կապի սարքեր և ավելին իմանալ թվային հեղափոխության մասին: Ի դեպ, նշենք, որ Կապի թանգարանը կգործի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 13:00-ից 16:00-ն, իսկ խմբային այցերի համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: