Կարևոր իրադարձություններ

Ազդարարման համակարգի կատարելագործման քայլերն ու օրենսդրական բարեփոխումները ներկայացվել են քաղհասարակության ներկայացուցիչներին

29 Մարտ, 2024 18:28
Ազդարարման համակարգի կատարելագործման քայլերն ու օրենսդրական բարեփոխումները ներկայացվել են քաղհասարակության ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության համագործակցությամբ՝ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական քննարկում, որի ընթացքում պետական մարմինների, միջազգային և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության մասնակցությամբ քննարկվել են ազդարարման ինստիտուտի վերաբերյալ առկա կառուցակարգերը, դրանց շրջանակներում առաջացած, ինչպես նաև առաջացման ռիսկ ենթադրող հնարավոր իրավական և գործնական խնդիրները:

Բացման խոսքում Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդգծել է ազդարարման ինստիտուտի դերը որպես կոռուպցիայի դեմ հանրային անհանդուրժողականության դրսևորման կարևորագույն հիմնաքար և կոռուպցիոն երևույթների դեմ հասարակության պրոակտիվ արձագանքման գործիք: Լիանա Թովմասյանը կարևորել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ հանրության տեղեկացվածության բարձրացմանն ուղղված՝ Ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը, որի շրջանակներում Երևանում և մարզերում իրականացվելու են իրազեկման և կրթական մի շարք միջոցառումներ:

Փորձագիտական քննարկման ընթացքում քննարկման առարկա են դարձել ներքին, արտաքին և հանրությանը ազդարարման տեսակների վերաբերյալ առկա կառուցակարգերի առնչությամբ գործնականում առաջացող խնդիրները, ազդարարման պատասխանատուների գործունեության ընթացքում ի հայտ եկած ռիսկերը, ինչպես նաև ազդարարների պաշտպանության մեխանիզմների կիրառելիության և դրա արդյունքում վերհանված իրավական խնդիրները:

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ազդարարման ինստիտուտին առնչվող միջոցառումները և առաջիկայում իրականացվելիք օրենսդրական բարեփոխումները:

Ամփոփեով՝ նախարարի խորհրդականը կարևորել է ինստիտուտի լավարկման շրջանակում իրականացվող քննարկումները՝ միաժամանակ նշելով, որ ոլորտի իրավական բարեփոխումների համատեքստում նախարարությունը պատրաստակամ է քննարկման առարկա դարձնել բոլոր մտահոգություններն ու առաջարկները և դրանք հաշվառել հետագա իրավական գործընթացների շրջանակում:

 

Լրահոս

Դիտել ավելին