Կարևոր իրադարձություններ

Արցախցիների օժանդակության հարցերը մնում են չլուծված. «Փաստ»

07 Մարտ, 2024 09:29
Արցախցիների օժանդակության հարցերը մնում են չլուծված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ արցախցիները բռնի տեղահանման ենթարկվեցին, տարբեր միջազգային կառույցներ նշում էին, թե հաստատակամ են նրանց աջակցություն տրամադրելու հարցում (իբր արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքի մասին հայտարարությունների պարագայում շատ հետևողական եղան)։ Բայց այդ աջակցությունը լիովին բավարար չէր, դրա համար էլ արցախցիների կարիքները հոգալու հարցը մեծամասամբ մնացել է Հայաստանի վրա։ Ուստի, Հայաստանի Հանրապետության խնդիրն է անընդհատ նախաձեռնողականություն ցուցաբերել միջազգային կառույցներից աջակցություն ստանալու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ներկայումս որևէ միջազգային հարթակում չի խոսվում այն մասին, որ արցախցիների գույքն ուղղակի բռնազավթված է, իսկ նրանց պատկանող տարածքները՝ օկուպացված, ինչը միջազգային արդարադատության հարց է։ Ու, ըստ այդմ, չկա նաև այս խնդրի հետ կապված որևէ դատական գործընթաց, որը հիմա պետք է արդեն սկսված լիներ։

Փոխարենը Ադրբեջանը փոխհատուցում պահանջող արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել՝ Հայաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ռեսուրսներն օգտագործելու մեջ։ Բաքուն նաև փորձում է միջազգային հարթակում բարձրացնել ու Հայաստանի դեմ օգտագործել ականապատման հարցը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում իշխանություններն անընդհատ խոսում են միայն արցախցիների ինտեգրման մասին, բայց պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեին, որոնք ցույց կտային, որ այդ մարդիկ շարունակում են մնալ փախստականի կարգավիճակով։

Ավելին՝ անհրաժեշտ էր արցախցիներին ոչ թե ցրել երկրով մեկ՝ բնակեցնելով տարբեր բնակավայրերում, այլ նրանց հնարավորինս կենտրոնացնել կամ առնվազն պահպանել Արցախի տարածքային կառուցվածքն ու ցույց տալ, որ այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, ու նրանք պահանջատեր են։ Այդպիսով հետագայում նաև ավելի դյուրին կլիներ ապահովել արցախցիների վերադարձն իրենց հարազատ բնակավայրերը։ Հայաստանը պարտավոր է առանձնահատուկ ջանքեր գործադրել, որ արցախցիների վերադարձի թեման միջազգային հարթակում և հայ-ադրբեջանական բանակցային սեղանին դառնա քննարկման առարկա։ Ըստ այդմ, անհրաժեշտ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ ներկայացնելու, որ Արցախում բնակվող հայ բնակչության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրականացվել։

Անհրաժեշտ է նաև ստեղծել Արցախի հարցով զբաղվող կազմակերպություններ ու ՀԿ-ներ, որոնք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում իրենց գործունեությամբ թեժ կպահեն արցախահայության հարցը։ Պետք է ընդունել նաև, որ Արցախի հայությանը պետական աջակցություն տրամադրելու հարցը նույնպես մնում է հրատապ։ Այսօր արցախցիները դժգոհ են Հայաստանի կողմից հատկացված օգնությունից։ Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում և ընդգծում, որ կառավարության կողմից տրամադրվող գումարներով ուղղակի հնարավոր չէ բնակարանի հարց լուծել։ Իսկ անշարժ գույքի բազմաթիվ սեփականատերեր էլ, օգտվելով իրավիճակից, ավելի են բարձրացնում վարձակալության և բնակարանների վաճառքի գները։ Բացի այդ, աջակցություն տրամադրելու հարցը միայն բնակարանների խնդրով չի սահմանափակվում, արցախցիներին պետք է ապահովել մշտական աշխատանքով։

Հաջորդ խնդիրն այն է, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստան տեղափոխված Արցախի բնակչությունը հեռանա, ինչը հետագայում դժվարացնելու է նրանց իրավունքների վերականգնման գործընթացը։ Առանց այն էլ արցախցիների մի մասն արդեն իսկ հեռացել է։ Դրա համար անհրաժեշտ է այնպիսի սոցիալական պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ ուղղակի նախընտրեն մնալ Հայաստանում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին