Կարևոր իրադարձություններ

Ալավերդու պարեկային ծառայության կողմից հայտնաբերված քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն (լուսանկարներ)

05 Սեպտեմբեր, 2023 15:01
Ալավերդու պարեկային ծառայության կողմից հայտնաբերված քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն (լուսանկարներ)

Երեք շաբաթ առաջ Ալավերդի քաղաքի պարեկային ծառայության կողմից հայտնաբերված քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 

 

Երիտասարդ քարարծիվը, որն ամենայն հավանականությամբ ընկել էր էլեկտրական լարերի հետ բախման պատճառով, Երևան էր տեղափոխվել, խնամվել ու կազդուրվել «ԲրդԼինքս Հայաստան» և «Էնդեմիկ և անհետացող տեսակների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների ջանքերով։

Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի մասնագետները թռչնի վրա արբանյակային տվիչ էին տեղադրել, որով թռչնին կհետևեն ողջ կյանքի ընթացքում։

Խնամքի վերջին շաբաթվա թռչունն արդեն իսկ պատրաստ էր ինքնուրույն կյանքի․ սեպտեմբերի 4-ին քարարծիվը համատեղ ջանքերով բաց թողնվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում՝ Երանոս լեռան մոտակայքում։

Քարարծիվը գիշատիչ թռչուն է՝ ընդգրկված Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում։ Չնայած վերջին 20 տարիների ընթացքում քարարծիվների պոպուլյացիայի միտումը կայուն է, սակայն ընդհանուր առմամբ դրանց թիվը համեմատաբար քիչ է՝ ընդամենը 34-38 բնադրող զույգ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին