Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին։
Նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը` Հարությունյանը պաշտոնից ազատել է Արցախի պետնախարարին`այդ պաշտոնում նշանակելով Արցախի ԱԽ քարտուղարին:
Իսկ ինչո՞ւ հենց այս պահին եղան այս կադրային փոփոխություններն, ու ինչո՞ւ է հեռանում Արայիկ Հարությունյանը:
Ըստ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի` Արայիկ Հարությունյանի` հրաժական տալու պատճառներից մեկը ներքին ճնշումներին չդիմանալն էր, որոնք առկա էին Արցախում`որոշ շրջանակների կողմից։
«Իսկ այդ շրջանակները փորձում էին զրոյացնել այն` որոշ միջազգային հնարավոր դրական արդյունքները, որոնք արդեն երևում էին։ Խոսքը թե՛ Ֆրանսիայի աջակցության մասին է, թե՛ որոշակիորեն ՄԱԿ-ի ԱԽ նիստում տեղի ունեցած գործընթացների, և ցանկանում էին, որպեսզի լինի այնպիսի մարդ, որը ռուսական նարատիվներով կգործի և, այսպես կոչված, «Լավրով 2» պլանի շրջանակներում։ Ցավոք սրտի, նրանց հաջողվեց Արցախի նախագահի հրաժարականի մասով հաջողության հասնել»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը։
Ռոբերտ Ղևոնդյանը, հաշվի առնելով այն իրավիճակը, որն այս պահին առկա է Արցախում, քիչ հավանական է համարում, որ նոր նախագահի ընտրություններ կարող են լինել:
«Հավանաբար, այս փուլում Արցախի վերջին նախագահը կլինի Արայիկ Հարութունյանը։ Մեծ է հավանականությունը, որ Արցախի ԱԺ-ն, ժամանակավորապես, ինչ-որ մեկին կնշանակի կամ կընտրի, մինչև նոր նախագահի ընտրությունները, որոնք քիչ հավանական եմ համարում, որ կկայանան։ Եվ ով որ կընտրվի, նա էլ փաստացի մոտ ժամանակներս կիրականացնի նախագահի պարտականությունները»,-ընդգծեց նա։
Արցախի նախագահի հրաժարականի լուրից ժամեր անց էլ սկսեցին լուրեր տարածվել Արցախում ՌԴ խաղաղապահ զորքի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հեռանալու մասին։
Հարցին`արդյոք Արցախի նախագահի և ՌԴ խաղաղապահ զորքի հրամանատարի հրաժարականները կարող են մեկը մյուսի հետ կապված լինել, քաղաքագետը չբացառեց։
«Այն, որ Արցախում, կարծես թե, իշխանության են գալու ռուսական քաղաքականությամբ շարժվող ուժեր, ես դա կանխատեսում եմ` հաշվի առնելով Արցախի Ազգային ժողովի նախագահի վերջին ընտրությունները, որի ժամանակ միակ քաղաքական ուժը փոքրամասնություն էր, որը դեմ քվեարկեց։ Հաշվի առնելով դա՝ հնարավոր է, որ Ռուսատանը կփորձի նշանակել այլ հրամանատարի, որն ավելի կոշտ կգործի և ավելի հստակ քայլեր կիրականացնի ռուսական պլաններն իրականացնելու համար»,-եզրափակեց Ղևոնդյանը։