Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Սիսիանում այցելել է մշակութային հաստատություններ (լուսանկարներ)

28 Օգոստոս, 2023 12:24
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Սիսիանում այցելել է մշակութային հաստատություններ (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք։

Այցի շրջանակում համայնքապետարանում Դանիել Դանիելյանը հանդիպել է Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի  հետ, ծանոթացել համայնքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու առկա խնդիրներին, քննարկել է համատեղ լուծումների հնարավորությունները:

Այնուհետև համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախարարի տեղակալն այցելել է Սիսիանի համայնքային գրադարան և Է. Ասյանի անվան երաժշտական դպրոց։ Դանիել Դանիելյանը հանգամանորեն ծանոթացել է մշակութային հաստատությունների շենքային պայմաններին, գույքային հնարավորություններին, գործունեությանը, ընթացիկ և առաջիկա ծրագրերին, քննարկել է խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Սիսիան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է զբոսաշրջային և երաժշտական «ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական փառատոնին, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է Հանրային հեռուստաընկերության կողմից։

Մինչ այս փառատոնն անցկացվել էր նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

Նախարարի տեղակալը կարևորել է փառատոնի անցկացումը մարզերում, քանի որ այստեղ մշակութային կյանքի հագեցվածության կարիք կա, ինչի մասին  վկայում է բնակիչների մեծ մասնակցությունը միջոցառմանը:

Նրա դիտարկմամբ՝ մարզերում, համայնքներում շնորհալի երեխաների ու, պատանիների պակաս չկա, և հնարավոր բոլոր քայլերը պետք է արվեն նրանց գեղարվեստական դաստիարակության, գեղագիտական ճաշակի զարգացման, մշակույթի ոլորտում մասնագիտական գործունեության կայացման համար: 

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի հետ շրջել է փառատոնի շրջանակում գործող տեղական արտադրանքի տոնավաճառի տաղավարներով, տեղում ծանոթացել ժողովրդական արհեստների ձեռագործ  նմուշներին։

Սիսիանում կայացած փառատոնի ծրագրում կատարումներով հանդես են եկել «Թմբաթա», «The Boing Orchestra» խմբերը, Սյունիքի մարզի արտիստներն ու երաժիշտ-կատարողները, համայնքի երաժշտական դպրոցի՝ միջազգային մրցույթում հաղթող սաները:  Փառատոնի մեծ համերգի շրջանակում կատարումներով հանդես են եկել Գրիշա Աղախանյանը, Գարիկը և Սոնան։ Փառատոնը եզրափակել են DJ-ները։

Փառատոնի բրենդավորման հիմքում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, որի ստեղծման 100-ամյակը լրանում է այս տարի: «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել Վանաձորում, Գավառում և Սիսիանում համտեսելու տեղական արտադրանքը, այցելել թաքնված ու հայտնի վայրերը, վայելել համերգային ծրագրերը։

 

Լրահոս

Դիտել ավելին