Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կտա Արցախի համաժողովրդական շարժումը. կբացվի՞ Լաչինի միջացքը. պարզաբանում է փորձագետը

18 Հուլիս, 2023 12:53
Ի՞նչ կտա Արցախի համաժողովրդական շարժումը. կբացվի՞ Լաչինի միջացքը. պարզաբանում է փորձագետը

Մի քանի օր է` Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ հավաքվել են՝ պահանջելու ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ևս միացել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, միայն ակցիա իրականցնելը Լաչինի միջանցքը բացելու պահանջի տեսանկյունից այնքան էլ արդյունավետ չէ։ Այն պետք է լինի մի մեծ ծրագրի մաս, որին պետք է աջակցել և´ քաղաքական, և´ դիվանագիտական, և´ ռազմական դաշտում։

«Այսօր Լաչինի միջանցքը բաց է, բայց այնտեղ տեղադրված է ադրբեջանական անցակետ, որը որոշում է, թե ով պետք է մուտ գործի կամ մուտք չգործի Արցախ։ Եվ այս պարագայում պետք է պահանջը դնել, որ անցակետը վերացնեն։ Այս ամենից ես ոչ մի լավ զարգացում չեմ տեսնում։ Բրյուսելյան հանդիպումը ի ցույց արեց բոլորիս, որ ոչ մի լավ զարգացում արցախահայության նկատմամբ չի սպասվում. սկսել են արցախահայության «ինտեգրացիան» Ադրբեջանի կազմում»,-նկատում է մասնագետը։

Ադիբեկյանն ընդգծում է՝ թույլատրվում է միայն Աղդամով մարդասիրական բեռներ տեղափոխել, Ադրբեջանն էլ նոր ծրագրեր է մշակում, և այս հարցը միայն համաժողովրդական շարժմամբ, միանշանակ, չի կարող լուծվել։ Սա պետք է լինի լուրջ գործիքակազմի կիրառելիության հետ համատեղ։

«Պետք է լուրջ ջանքեր գործադրել։ Քարոզչական աշխատանք տանել, լուրջ ներդրումներ կատարել, որպեսզի դառնա համաժողովրդական շարժում։ Ու սա դեռ  երաշխիք էլ չէ` ամբողջապես կբացվի Լաչինի միջանցքը, թե ոչ»,-նշում է նա։

Անդրադառնալով միջազգային տարբեր կառույցների` պարբերաբար հնչող կոչերին`  վերջինիս հավաստմամբ կա Լաչինի միջանցքի վերաբերյալ դատական որոշում և միջազգային կառույցների երաշխիքները, խոստումները, մտահոգությունները, կոչերը ոչ մի դեր չեն խաղում։

«Կա դատական հստակ որոշում, որը Ադրբեջանը չի պատրաստվում կատարել, և այդ մտահոգ անձինք, որոնք անընդհատ հորդորում են, որ բացվի Լաչինի միջանցքը, հստակ ոչինի չեն անում, որ հենց եվրոպական կառույցների կողմից ընդունված դատավճիռը կյանքի կոչվի։ Եթե ուզում են, որ Լաչինի միջանցքը բացվի, նրանք ունեն մեծ գործիքակազմ, որը կարող են կիրառել և հասնել իրենց նպատակին։ Այս ամնեը դատարկ խոսքեր են, որոնց նպատակն է ննջեցնել արցախցիների և հայերի զգոնությունը»,-ընգծում է Ադիբեկյանը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, քանի որ  Թուրքիայի շնորհիվ դարձել է լուրջ հանգույց և տարածաշրջանում դերակատար։

«Արևմուտքը շարունակում է ստանալ էներգակիրներ, Թուրքիայի միջոցով նրանք ցորենի գործարքն են կատարում, որ Եվրոպան սովի չմատնվի։ Եվ, իհարկե, Եվրոպան իր առաջնահերթություններից ձեռք չի կարող քաշել, և իրեն հետաքրքիր էլ չէ, թե քանի հայ մանուկ կզոհվի Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու հետևանքով»,-նկատում է նա։

Հարցին` Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակում, ի վերջո կլինի,  որին ի պատասխան Ադիբեկյանը նշեց, որ Լաչինի միջանցքը կբացվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կատարի թուրքական տանդեմի բոլոր պահանջները։

«Եվ սա էլ դեռ հարց է, ամբողջապես կբացի, թե ոչ, որովհետև այդ անցակետն իրականում ֆիլտրի դեր է խաղում։ Այսինքն ցանկացածին, ում Ադրբեջանը չի ցանկանա թողնել, որ մուտք գործի Արցախ, կարող է ասել, օրինակ, հակադրբեջանական խոսքերով է առաջ եկել տարիներ շարունակ, և իրավունք չունի մտելու մեր տարածք»,-եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին