Կարևոր իրադարձություններ

Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել (լուսանկարներ)

12 Մայիս, 2023 14:55
Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել (լուսանկարներ)

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։

Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։

Մայիսի 11-ին ներկայացվեց մշտադիտարկման զեկույցը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը, որպես գերակա ուղղություն, իր իրավական արտացոլումը գտել է ոչ միայն կառավարության ծրագրում, այլև կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ։ «Կնոցեպտով սահամնված ուրվագծված ուղղություններին ու նպատակներին հասնելու համար իր ուրույն ու կարևորագւոյն դերն ունի պետության և հասարակական հատվածի համագործակցությունը, այս ենթատեքստում հատուկ կարևորություն է տրվում այս նախաձեռնությանը, այլընտրանքային մշատդիտարկման զեկույցների պատրաստումը, որը մեր գործընկերները շատ արդյունավետ իրականացնում են»,-ասաց նախարարի տեղակալը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը նշեց, որ կարևոր է ներկայացնել ոչ թե չկատարված աշխատանքը, այլ խնդիրները վերհանումը, որ նոր ռազմավարությունում դրանք տեղ չգտնեն։

«Տարբեր ռազմավարություններում ցուցիչներ են դրվում, հետո գրվում՝ այս ցուցիչը կատարվել է, այն գործողությունն արվել է, բայց մոռանում ենք դա համադրել ռազմավարական խնդիրների մակարդակում արդյունքների նվաճման հետ»,-ասաց նա։ Կարեն Զադոյանը հորդորեց դադարեցնել մրցավազքը ու չշտապել ընդունել նոր` 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը, պետք է մի պահ կանգ առնել, վերլուծել խնդիրները և դրանից հետո միայն ունենալ որակյալ հակակոռուպցիոն ռազմավարություն։

«Ցավոք, Հայաստանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշներով հետնահանջ է գրանցել՝ միջազգային հակակոռուպցիոն համապատասխան կազմակերպությունների տվյալներով և դա ընդունում է նաև Հայաստանի կառավարությունը։ Ցավում եմ, որ համապատասխան գործողությունները դեռ տեսանելի չեն, որ իշխանություններն իրականացնեն կոռուպցիայի դեմ պայքարն աշխուժացնելու համար, ավելին՝ տեսնում եմ շատ տեղեր, որ քաղհասարակության ձայնը լսելի չի լինում։ Հույս ունեմ, որ այս կոալիցիայի ձայնն ավելի լսելի կլինի»,- ողջույնի իր խոսքում ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Արսեն Ղազարյանի խոսքով՝ տնտեսական հաջողությունների հիմքը երկրում համակարգային կոռուպցիայի արմատական նվազումն է։  Նա նշեց, որ եթե չեղավ հավասարություն, օրինականություն, «չինովնիկների» կամայականությունների սահմանափակումը՝ հասարակությունը կդառնա տոտալիտար, բևեռացված, որի հետևանքները նախկինում բավական մեծ էին։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը հույս հայտնեց, որ առաջիկա հակակոռուպցիոն ռազմավարությունը չի լինի հերթական ռազմավարությունը, ինչպիսիք եղել են 2000-ականներից սկսած, այլ կհաջողվի դրանում ամրագրված գործողությունները կատարել ու հասցնել ավարտին։ «Հակակոռուպցիոն պայքարը ոչ միայն կաշառքի դեմ պայքարն է, հակակոռուպցիոն կրթությունը և այլն, այլև մի շարք պաշտոններում թափանցիկ և մրցութային կարգով զբաղեցման ընթացակարգերի նկատմամբ հանրային վերահսկողությունը»,-ասաց Լուսինե Հակոբյանը։ 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ այս ձևաչափով քննարկումը կարելի է համարել կառավարություն-քաղհասարակություն կառուցողական երկխոսության նոր ազդակ, ինչը երկար ժամանակ է ինչ բացակայում էր։ «Հույս եմ հայտնում, որ այս շրջանակներում էլ ավելի կակտիվանա երկխոսությունը՝ ի նպաստ Հայաստանում կոռուպցիայի և դրա հետևանքների կտրուկ նվազմանը, համակարգային կոռուպցիայի այլակերպման նոր դրսևորումների կանխարգեկմանն ու վերացմանը»։

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և  դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները ներկայացրին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետներ, Սյուզաննա Սողոմոնյանը, Մարիամ Զադոյանը, Առնոլդ Վարդանյանը։

Միջոցառման ընթացքում ստորագրվեց նաև Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման և մշտադիտարկման նպատակով հավաքական ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիրը` Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև:

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խմբի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին