«Փաստ» օրաթերթը գրում է.
«Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր շրջանակներում ներկայացնում է Արցախի նախագահի՝ իր համար նախընտրելի թեկնածուների «ցուցակ», Հարությունյանի այդ «նախաձեռնության» հետ կապված Արցախում առկա է որոշակի անվստահություն և մտահոգություն։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կասկածներ կան, որ Հարությունյանը, խորհրդարանում ունենալով մեծամասնություն (Սամվել Բաբայանի խմբակցության հետ միասին), վերջին պահին նախագահի թեկնածու է առաջադրելու ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, ինչի մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ վերջինիս՝ պետնախարար նշանակվելուց առաջ, իսկ Ներսիսյանը ինտենսիվ հերքումներ էր տարածում:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Բաբայանը տարբեր մարդկանց հետ զրույցներում ակնարկել է, որ ինքը մի քանի ամսից նշանակվելու է պետնախարար։ Մեր տեղեկություններով, նա նպատակ ունի պետական բոլոր ռեսուրսները կենտրոնացնել իր ձեռքում և շարժվել բացառապես իր պատկերացումների շրջանակներում, ինչի մասին հաճախ բարձրաձայնում է իր հայտարարություններում»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: