«Փաստ» օրաթերթը գրում է.
«Թագուհին տան չորս երեխաներից ավագն է, հետո Թաթուլն է, իսկ Թաթուլից հետո Գարսևանյանների ընտանիքում զույգ է ծնվել՝ տղա և աղջիկ: Այսօր քույրիկը պատմելու է կրտսեր եղբոր մասին:
Քույրիկի խոսքով, դպրոցում Թաթուլն այնքան էլ լավ չի սովորել, բայց ուսուցիչներն իրեն սիրում էին իր ճարպկության համար. «Կազմակերպչական հակումներ ևս ուներ: Սիրում էր Ֆիզկուլտուրա, ՆԶՊ առարկաները»: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հրազդանի արհեստագործական ուսումնարանում՝ «Ավտոմեքենաների շահագործում և նորոգում» բաժնում: Երեք տարի սովորելուց հետո 2020 թ. հունվարի 27-ին «Ես եմ» ծրագրով զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախում՝ Մարտունի 3-ում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, զանգահարում էր զինկոմիսարիատ մեր ծանոթին, ասում՝ իմ ծանուցագիրն ինչի՞ չի գալիս, շուտ ուղարկեք, որ գնամ բանակ: Փոքրուց սիրում էր համազգեստը, երբ խոսում էին Վ. Սարգսյանի, Մ. Մելքոնյանի մասին, համակ ուշադրությամբ լսում էր բոլոր պատմությունները: Իր ընկերներից անընդհատ հետաքրքրվում էր, թե ինչպես է անցել զինվորական ծառայությունը»:
Քույրիկի խոսքով՝ չնայած Թաթուլը երբեք չի բարձրաձայնել այդ մասին, բայց հնարավոր է իր ապագան կապեր բանակի հետ: Ծառայության ընթացքը շատ լավ է անցել, ամենակարևորը՝ սիրով է ծառայել, երբեք չի տրտնջացել: «Պատերազմի օրերին հայրիկս զանգում էր՝ Թաթո՛ւլ ջան, ի՞նչ անեմ, ի՞նչ բերեմ քեզ հասցնեմ: Պատասխանում էր՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի բանի կարիք չունենք, կրակոց չկա, այն դեպքում, երբ ամենադաժան մարտերին է մասնակցել»:
Պատերազմի մասին: «Կապի մեջ էինք, խոսում էինք, որևէ բան չէր ասում: Իրենից չենք իմացել, թե որ հատվածներում է կռվել: Հետագայում իր մարտական ընկերները պատմեցին, որ եղել է Թալիշում, Ֆիզուլիում: Հոկտեմբերի 26-ին տարել են Ֆիզուլի, թեժ մարտեր են եղել, իր ընկերների մահվանն է նաև ականատես եղել: Տղաներից մի քանիսը, նաև՝ Թաթուլը, նամակ են գրել՝ ուղղված իրենց ընտանիքներին: Այսպես են մտածել՝ գրենք նամակը, դնենք գրպանում, եթե ողջ մնացինք, հետո կպատռենք, եթե ոչ, նամակները կհասնեն մեր ծնողներին: Երբ իրեն գտանք, նամակը գրպանում էր: Հիմա այն մեզ մոտ է»:
Թաթուլը 40 օր կռվել է թշնամու դեմ: «Նոյեմբերի 4-ին է դեպքը եղել: Ֆիզուլիից իջել էին: Զանգեց մեզ, ասաց, որ ապահով վայրում են, կարող է իրենց թողնեն այդտեղ, որ հանգստանան, բայց էլի չասաց, թե որտեղ են: Միշտ հանգստացնում էր մեզ, որ հայրիկս հանկարծ չգնար իր մոտ: Տղաներին, սակայն, հանգստի ժամանակ չի տրվել, նրանց տարել են Մարտունի 3: Նոյեմբերի 4-ին, երևի ժամը 11-ի կողմերը զանգահարել էր մայրիկին, կարծես վերջին անգամ, իր հետ խոսելիս նման զգացողություն են ունեցել, ասում են՝ ձայնն ուրիշ էր:
Տղաները շրջափակման մեջ են եղել, բոլորը զանգել են տուն՝ հրաժեշտ տալու: Հայրիկիս հետ խոսելու ժամանակ է ԱԹՍ-ն հարվածել, նա լսել է պայթյունի ձայնը, իսկ Թաթուլի ձայնը կորել է: Մայրիկիս հարցին ի պատասխան, թե ինչ ձայներ են, հայրիկս բան չի ասել, բայց արդեն ամեն ինչ հասկացել է: Ամբողջ գիշեր արթուն էին մնացել, սպասել Թաթուլի զանգին, բայց զանգ այդպես էլ չեն ստացել: Առավոտյան իրենք էին զանգահարել դիրքի ավագին, ասել էր՝ մեզանից հեռու է, չի կարող զանգերին պատասխանել: Հետո ասել էին, որ վիրավոր է, բայց Թաթուլն արդեն զոհված է եղել»:
Հիմա ընտանիքն Աստծուն շնորհակալ է, որ որդին գոնե... շուտ է տուն «վերադարձել»: «Ընկերները Թաթուլին իջեցրել էին դիրքերից, այնտեղից հասցրել Գորիս, հետո Երևան»: Ընտանիքն ապրում է մեկ հույսով, որ «տղերքի թափված արյունն իզուր չէր, որ մի օր մեր կորցրածը կվերադարձնենք»: Թագուհին ասում է. «Մեզ ուղղված նամակում գրել էր. «Նամակ մորս. մա՛մ ջան, պա՛պ ջան, ես չկարողացա այնպես անել, որ ինձանով երջանիկ լինեք, բայց վստահ եմ, որ Նարեկս, Նելլիս, Թագուհիս, արդեն Նարես (Թագուհու դուստրն է-խմբ.) ամեն ինչ անելու են, որ իմ տեղը չզգացվի, լրիվ չէ, բայց գոնե մի քիչ: Կյանքը շարունակվում է, ինձ տեսեք Նարեկիս մեջ: Նա՛րս, տղայիդ անունը կդնես Թաթուլ»: Նարեկը մեր փոքր եղբայրն է: Հիմա սպասում ենք այն օրվան, որ ընտանիք կազմի, փոքր Թաթուլ ունենանք: Երկուսով իրար հետ շատ կապված էինք, ինչեր ասես, որ չենք արել մանկության տարիներին: Մեզ մոտ ձոր կա, իջնում էինք, գետում ձուկ բռնում, մայրիկս սկսում էր մեզ փնտրել, իսկ մենք խաղում էինք: Թաթուլը կարող էր մի պահ աչքիցս կորել, լացելով իրեն էի փնտրում: Իրար հետ շատ էինք կռվում, բայց իրար անսահման սիրում էինք»: