Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի առաջին փուլը

27 Հուլիս, 2022 13:36
Ավարտվել է համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի առաջին փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է ամենամյա համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ:

Այն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով և նվիրված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին ու այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը:

Փառատոնին մասնակցելու համար գրանցվել են ՀՀ մարզերի, Արցախի, Սփյուռքի (ԱՄՆ-ի, Ավստրիայի, Արգենտինայի, Բելգիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Լիբանանի, Հորդանանի, Շվեդիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Ֆրանսիայի) 217 կրթօջախների 3113 երեխաներ:

Մասնակից երեխաների համար կազմակերպիչներն անցկացրել են առցանց 5 դաս:

Դասերի տեսագրությունները տեղադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի յութուբյան ալիքում՝ https://bit.ly/3PSIknj:

Հաջորդ փուլում, որն ավարտվելու է սեպտեմբերի 15-ին, մասնակիցները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն իրենց աշխատանքների լուսանկարները:

Այնուհետև մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույն աշխատանքները, որոնց բնօրինակները կցուցադրվեն Գեղագիտության ազգային կենտրոնում: Ցուցադրությունից հետո կհայտարարվեն նաև հաղթողների անունները, և կհանձնվեն մասնակցության վկայականներ:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհքով օժտված հայ մանուկներն ու պատանիները՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաներ:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է 2009 թվականից:

 

Լրահոս

Դիտել ավելին