ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Սախայի Հանրապետության (Յակուտիա) մշակույթի և հոգևոր զարգացման նախարարության ու տեղի հայ համայնքի համագործակցությամբ Հայաստանը մասնակցել է Յակուտսկ քաղաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի ունեցող «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների հանդիպումը Օլոնխոյի հողի վրա» չորրորդ միջազգային փառատոնին։
Այն նվիրված էր Ռուսաստանի և աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգությանը։ Մասնակցում էին Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների՝ Կալմիկիայի, Ալթայի, Տիվայի, Բուրյաթիայի, Յակուտիայի շուրջ 100 ներկայացուցիչներ։
Փառատոնին Հայաստանը ներկայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված «Քոչարի» պարի և «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակմամբ։
Փառատոնին «Քոչարի» պարը ներկայացնելու պատիվը «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլինն էր, որը հանդես է եկել «Քոչարու» 5 տարբերակների ընդհանրացված բեմադրությամբ, իսկ «Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացրել է «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր-ղեկավար Կորյուն Դավթյանը:
Յակուտսկի օպերայի և բալետի պետական թատրոնում տեղի ունեցած ամփոփիչ համերգը եզրափակվել է «Արդվին» ազգագրական երգ ու պարի անսամբլի հայկական «Քոչարի» պարի կատարմամբ։
Տեղեկանք. Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է հետևյալ տարրերը՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարիխորհուրդնուխաչքարագործությունը» (2010 թ.), ««ՍասնածռերկամՍասունցիԴավիթ»էպոսիկատարողականդրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2019 թ.), «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020 թ.):