ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 21-ին մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան թեք ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառմանը։
Նախարարը ողջունել է ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը լուրջ խթան կարող է հանդիսանալ մեր երկրում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման և առաջընթացի համար։
«Զարգացմանը զուգահեռ, կարևոր է անդրադառնալ նաև արագ փոփոխվող աշխարհում առաջ եկող նոր մարտահրավերներին, որոնց արդյունավետ լուծումների մշակումն ու կառավարումը կարևորագույն խնդիր է յուրաքանչյուր երկրի համար։ Այսօր, այստեղ մեկ հարթակում են համախմբվել պետական կառավարման համակարգի ղեկավարներ, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ ու ընկերություններ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ՝ քննարկելու այդ մարտահրավերները և առաջարկելու լուծումներ։
Հուսով եմ, որ Երևան թեք ֆորումի շրջանակում իրականացվող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ` Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական, նորարարական երկրների շարքում տեսնելու համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։
Երևան թեք ֆորում 2022-ի ընթացքում տեղի են ունենում ոլորտային քննարկումներ և ելույթներ «Տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում» թեմաներով։
Ֆորումի շրջանակներում իրենց տաղավարներով ներկայացված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Տեսլա Էներջին», «Սինոփսիսը», «Թումոն», «Սիմփլին», «Դիսքոն»։
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տաղավարներով։ Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց արտադրանքը, ծառայություններն ու ապագա ծրագրերը։
Երևան թեք ֆորում 2022-ին մասնակցում են 25-ից ավելի տեղական ու միջազգային խոսնակներ, 30-ից ավելի ընկերություններ, 1000-ից ավելի մասնակիցներ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է Երևան թեք ֆորում 2022-ի (Yerevan Tech Forum 2022) պաշտոնական գործընկերը: