Կարևոր իրադարձություններ

Սուբ Պատարագ՝ Թուրքիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա (լուսանկարներ)

19 Հոկտեմբեր, 2015 17:11
Սուբ Պատարագ՝ Թուրքիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա (լուսանկարներ)

Աղին գյուղը գտնվում է Շիրակի մարզում՝ Թուրքիայի հետ սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1872 թվականին: Այնտեղ է գտնվում 1878 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին։ Համայնքն ունի 605 բնակիչ: Այստեղ էր, որ հոկտեմբերի 17-ին Ս. Պատարագ մատուցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին խոնարհված չէ, սակայն չի կարելի ասել, որ նորոգ վիճակում է, և սպասում է իր հերթին, թե երբ կհայտնվի մի բարերար, ով ձեռնամուխ կլինի եկեղեցու վերանորոգմանը: Տասը տարի առաջ փլուզվել է զանգակատունը: Աստվածմերժության տարիներին եկեղեցին ծառայել է որպես պահեստ:

«Դուք ճիշտ եք, այսօր անհրաժեշտ դրամը չկա, որ եկեղեցին վերանորոգվի: Սակայն եթե լիներ այն հոգևոր գիտակցությունը, որ գյուղի մանուկները պետք է ժամանակին մկրտվեն, որ գյուղում ամեն կիրակի այսպիսի արարողություն պետք է կատարվի, որ Սուրբ Պատարագ է կոչվում, որ բոլոր ծիսակատարությունները պետք է գյուղում կատարվեին, ապա դրամը կգտնվեր: Աստված այդ դրամը կուղարկեր՝ մեկի սիրտը կբացեր ու կասեր՝ «Ով մեծահարուստ, գնա Աղին, որտեղ Իմ հավատարիմ ժողովուրդը կա, ով կրոնական առումով արդեն լիովին կայացած է և միայն կարիք ունի եկեղեցու: Եվ այդ մեծահարուտ մարդը կգար ու դրամը կտար, և գյուղի եկեղեցին կնորոգվեր»,- իր քարոզում նշեց թեմակալ առաջնորդը՝ կարևորելով հոգևոր գիտակցությունը հայ քրիստոնյայի կյանքում:

Սրբազանը նաև հորդորեց չհապաղել մանուկների մկրտության հարցում և նյութականը չդարձնել մանուկներին չմկրտելու պատճառ:

Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ 16 աղինցիների Ս. Մկրտության արարողությունը:

Ի դեպ, ինչպես գյուղի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը, այնպես էլ գյուղացիները նշեցին, որ գյուղում հատկապես առավոտ շուտ լսվում է հարևան թուրքական գյուղի մոլլայի նամազի ձայնը, և շատ լավ կլիներ, որ այս կողմից էլ լսվեր քրիստոնեական եկեղեցու զանգերի կոչնակը՝ ի պատասխան մուսուլման մոլլայի նամազի:

Նշենք նաև, որ գյուղում հիմնականում կեցության միջոցները գոյանում են արտագնա աշխատանքի մեկնած համագյուղացիների ուղարկած դրամից, և գյուղը կարելի է համարել անվճարունակ՝ հատկապես արժութային ներկայիս վայրիվերումների շրջանում:

unnamed (6)

unnamed (5)

unnamed (4)

unnamed (3)

unnamed (2)

unnamed (1)

unnamed

 

 

Լրահոս

Դիտել ավելին