Կարևոր իրադարձություններ

Վկայագրում չանցած ավտոմեքենաները գազալցակայաններում չեն լիցքավորվի

28 Ապրիլ, 2022 15:41
Վկայագրում չանցած ավտոմեքենաները գազալցակայաններում չեն լիցքավորվի

Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգի ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Արդյունքում ձեռք կբերվեն ծրագրային համակարգչային,  ինչպես նաև հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, դեռևս 2021 թ. դեկտեմբերին ընդունվել են որոշումներ և սահմանվել են կարգեր այս գործընթացի մեկնարկի համար:

«Համակարգը կգործի օգոստոսի 1-ից: Հայաստանում շահագործվող սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ անգամ:

Գործում է երկու համակարգ՝ կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետքէ  տեղադրեն և հետո նաև ստուգեն,  և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ այդ ստուգման արդյունքները մուտք են արվում»,-ասել է նախարարը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ  օգոստոսի 1-ից այն  ավտոմեքենաները, որոնց  գազաբալոնները վկայագրում չեն անցել, ուղղակի գազալցակայաններում չեն կարողանալու լիցքավորվել:

«Լիցքավորվելու պարագայում ենթարկվում է վարչական պատասխանատվության տեսչական մարմինների կողմից՝ 200.000 դրամի չափով: Տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ կրկնակի չափով: Եթե տվյալների շտեմարան մուտքագրվում են կեղծ տվյալներ, ապա ենթարկվում են վարչական պատասխանատվության 300.000-500.000 դրամի սահմաններում:

Գազաբալոնների տեղադրման և դրան ներկայացվող նորմերի ու պահանջների ստուգման հետ կապված ստուգաթերթը այժմ գտնվում է մշակման փուլում: Լիազոր մարմինների հետ այժմ քննարկվում է նաև էլեկտրոնային ավելի խելացի լուծումների տարբերակ, որպեսզի այս գործընթացն  ավտոմատացվի և սուբյեկտիվ մոտեցումը բացառվի:

Այսինքն՝ դիտարկվում է այն տարբերակը, որ եթե մեքենան, գազաբալոնը վկայագրում չի անցել, ապա ավտոմատ համակարգն ուղղակի չի թույլատրի, որպեսզի մեքենան լիցքավորվի, դա հնարավոր կեղծիքներից խուսափելու նպատակ է հետապնդում»,-ասել է Արթուր Ասոյանը: 

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը՝ այն համարելով  կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում:

«Գիտենք, որ ՀՀ-ում գազաբալոններով աշխատող ավտոմեքենաների հսկայական քանակ կա: Սա լուրջ խնդիր է, և մենք պարտավոր ենք ապահովել շահագործողների և քաղաքացիների անվտանգությունը:

Մենք անցած տարվանից, դարձյալ երկար քննարկումների արդյունքում ներդրում ենք անվտանգության երաշխավորման այս համակարգը:

Սրանով մենք կամ կբացառենք կամ առնվազն մինիմումի կհասցնենք գազի բալոնների հետ կապված  բոլոր արտակարգ պատահարները»,-ասել է վարչապետը:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին