Վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի հեղինակը Երեւանի քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանն ու նրա ընկերներն են:
Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխպանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում, որ իր կինն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում եւ թե սա անգամ դժգոհություն է առաջացրել «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ:
«Իմ կինը մի խումբ ընկերների հետ զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5,3 մլն եվրոյի ծրագիր բերվի եւ դրամաշնորհ լինի Երեւան քաղաքին: Դրա հետ կապ չունի ո՛չ Կառավարությունը, ո՛չ էլ Երեւան քաղաքապետարանը: Ուղղակի իմ խնդրանքով են նրանք դա գրել: Վտանգավոր թափոնների մասին ծրագիրը գրվել է, մենք դիմել ենք եւ մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են բազմաթիվ քաղաքաներ, հաղթել ենք»,- ասաց Հայկ Մարությանը:
«Թե իմ կինը, թե ընկերներս հենց առաջին օրվանից օգնում են մեզ, որպեսզի կարողանանք բոլոր խոստումները իրականացնել: Եթե կա ինչ-որ մեկը, որ դժգոհի, թե կինս կամ ընկերներս օգնում են, կասեմ՝ այդ մարդն ուղղակի խնդիրներ ունի մայրաքաղաքի հետ»,- նկատեց Մարությանը՝ չմանրամասնելով, թե արդյոք իր կնոջ թեմայով խմբակության նիստ է հրավիրվել կամ որեւէ նիստում քննարկվել է քաղաքապետարանի աշխատանքներին նրա միջամտության հարցը: Քաղաքապետը պատասխանեց, որ փակ նիստերի քննարկումներն ինքը չի հրապարակայնացնում:
Անդրադառնալով քաղաքի մաքրությանը Մարությանը նկատեց՝ գոհ է փողոցների մաքրությունից, մայթերի մասով դժգոհ է: Ըստ քաղաքապետի՝ մայթերի ոչ բավարար մաքրության պատճառը մայրաքաղաքի մաքրությամբ զբաղվով համայնքային հիմնարկի նորստեղծ լինելն է. այն դեռ չի հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի մայթերը եւս պատշաճ կերպով մաքրվեն: «Այս տարի նախատեսում ենք այդ ամբողջ տեխնիկան համալրել»,-ասաց նա: