Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև կստորագրվի կրթության և գիտության բնագավառում համագործակցության համաձայնագիր: Փաստաթղթին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում:
«Համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է` կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունը ամրապնդելու և երկուստեք փոխշահավետ կապեր հաստատելու համար: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի Հայաստանի և Ղազախստանի միջև կրթական ծրագրեր կազմակերպելու համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Համաձայնագրի ստորագրումը և դրա օրինական ուժի մեջ մտնելու գործընթացն ավարտելուց հետո կհաստատվի Հայաստանի և Ղազախստանի կրթական հաստատությունների միջև անմիջական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրերի իրականացումը: