Կարևոր իրադարձություններ

Գիտեմ՝ ունենք հիասթափություն ու նեղվածություն. վարչապետ (տեսանյութ)

14 Մարտ, 2017 11:45
Գիտեմ՝ ունենք հիասթափություն ու նեղվածություն. վարչապետ (տեսանյութ)

2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի Ավան թաղամասի բնակչության հետ: «Մենք ներկայացրել ենք բավական համալիր ծրագիր, որը պատասխանում է 4 հիմնական հարցի՝ որտեղ ենք մենք և ինչ նեղ տեղեր ունենք, ուր ենք ուզում հասնել, ինչ պետք է անենք և ումով ենք անելու: Մենք բոլոր ոլորտներում արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունենք, և հենց այդ նպատակին է միտված մեր ծրագիրը, որը բավական հավակնոտ է և միևնույն ժամանակ իրատեսական», - ողջույնի խոսքում հայտարարել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:

Ավանցիները Կարեն Կարապետյանին հարցեր են ուղղել, մասնավորապես, սոցիալական ոլորտի՝  նվազագույն աշխատավարձի բարձրացման, աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ: ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը ներկայացրել է այս ուղղությամբ նախատեսվող փոփոխությունները. «Նվազագույն աշխատավարձի բարձրացման խնդիրը, իհարկե,  մեր առջև դրված է, նման ծրագիր կա, որովհետև դա տնտեսական վիճակի լավ կամ վատ լինելու ցուցանիշ է: Ի՞նչ պետք է անենք՝ պետք է տնտեսությունը զարգացնենք, հարստանանք, հավելյալ արժեք ստեղծենք, աշխատատեղ ստեղծենք, պետք է բյուջե լցնենք: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, պետությունը միանշանակ պետք է կանգնի սոցիալապես անապահովի կողքին: Մենք բավական մեծ բարեփոխումներ ենք սկսել սոցիալական և առողջապահության ոլորտում, որը նույն բյուջեի պարագայում մեզ հնարավորություն է տալու ավելի որակյալ ծառայություն մատուցել և 20-30 տոկոսով բարձրացնել մատուցվող ծառայությունների հասցեականությունը»: Աշխատատեղերի ստեղծման առնչությամբ Կարեն Կարապետյանն ասել է, որ վստահության քվե ստանալու և սկսված լայնածավալ բարեփոխումները, տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակելու դեպքում ՀՀԿ-ն կկարողանա չափելի արդյունքներ և առաջընթաց ապահովել:

«ՀՀԿ նախընտրական ծրագիրը սարսափելի աշխատունակ ծրագիր է: Մենք խոստանում ենք, որ շատ քրտնաջան ենք աշխատելու, ամեն օր ու կանոնավոր», -շեշտել է Կարեն Կարապետյանը: Ի պատասխան հարցի, թե ինչու ընտրել Հանրապետական կուսակցությանը՝ ՀՀԿ առաջին փոխնախագահն ասել է. «Մենք ամենամեծ, կարող և բազմաշերտ ուժն ենք: Ունենք կառավարման մեծ փորձ, որի մեջ կա և´ շատ դրականը, և´ շատ բացասականը: Մենք տարբերվում ենք շատ քաղաքական ուժերից նրանով, որ համարձակ ասում ենք՝ մենք սխալվել ենք: Ասել ենք, որ փոխվելու ենք և փոխելու ենք: Ռեալ քայլեր ենք արել և անում այդ ուղղությամբ: Ներկայացրել ենք բոլոր  ոլորտներին վերաբերող ծրագիր: Մեր հստակ դիրքորոշումն ենք հայտնել Արցախի հարցի վերաբերյալ»:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը կոչ է արել ավանցիներին՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորել և մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Մենք լինելու ենք առավելագույնս պարզ ու թափանցիկ: Գիտեմ՝ ունենք հիասթափություն ու նեղվածություն, բայց եթե չես հավատում գաղափարին, դրան հասնելն անհնար է: Մենք պետք է յուրաքանչյուրս հավատանք, որ կարող ենք ֆանտաստիկ լավ երկիր լինել: Ցանկանում եմ ձեզ լավատեսություն, համարձակություն, հանդուրժողականություն միմյանց նկատմամբ, անհանդուրժողականություն՝ անարդարության և այլ բացասական երևույթների նկատմամբ: Մենք հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում անել, ինչպես ենք անելու և այդ «դուխը» ունենք, բայց ձեր օժանդակության և մեր թիկունքին կանգնելու կարիքն ունենք: Ընտրություն կատարելով Հանրապետական կուսակցության օգտին՝ դուք մեզ հնարավորություն կտաք իրագործելու այն, ինչ հայտարարում ենք», - ավանցիներին ասել է Կարեն Կարապետյանը:

Ելույթներով են հանդես եկել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին