Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում կայանալիք Արցախյան գինու փառատոնի կազմակերպիչ հանձնաժողովը հրապարակել է փառատոնի մշակութային ծրագիրը: Այն իր մեջ ներառում է բացման հանդիսավոր արարողություն, երաժշտական համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, խաղարկություն և աճուրդ:
Բացման հանդիսավոր արարողությունը կազդարարվի տաշտում խաղողի ճզման ծիսակատարությամբ և նախորդ տարվա արարողությունից ստացված գինու շշալցմամբ:
Երաժշտական համերգին մասնակցելու են “Մենք ենք մեր սարերը” համույթը, Տողի արվեստի դպրոցի աշակերտները, Կովսականի ազգագրական պարերի համույթը: Համերգում ելույթ կունենա նաև “Հայաստանի Ձայնը” հեռուստանախագծի մասնակից Լիլիթ Ավանեսյանը:
Փառատոնի մշակութային ծրագրին մասնակից է լինելու նաև սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
Ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքում ներկայացվելու են արցախյան վարպետների կողմից պատրաստված հուշանվերներ, արցախյան գորգեր, կավե ամանեղեն, արցախյան զարդեր և այլն:
Միջոցառման ողջ ընթացքում Տողի Մելիքական ապարանքի տարածքում կազմակերպվելու են տարբեր ազգագրական խաղեր և պարերի ուսուցում` փառատոնի հյուրերի մասնակցությամբ:
Բացի գինու տոնավաճառից, Տող գյուղի և մոտակա համայնքների ներգրավմամբ կկազմակերպվի նաև Արցախյան բարիքների տոնավաճառ, որտեղ ներկայացվելու է գյուղական արտադրանք:
Փառատոնի վերջում հյուրերին սպասվում է վիճակախաղ և աճուրդ` ժամանցը ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Արցախյան Գինու Փառատոնը ամենամյա տոնախմբություն է, որը կազմակերպվում է հոկտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը: Այն նպատակ ունի զարգացնելու համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը, ինչպես նաև ստեղծելու հանդիպման հարթակ ԼՂՀ և ՀՀ գինեգործների միջև: Փառատոնին իրենց արտադրանքն են ներկայացնում ԼՂՀ շրջաններից և ՀՀ-ից ժամանած գինի արտադրողները: Նախորդ տարի փառատոնին մասնակցել է 24 գինեգործ և ավելի քան 1500 հյուր Արցախից, ՀՀ-ից և արտերկրից: