Տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Անուշ Հովհաննիսյանը, սոպրանո Հրաչուհի Բասենցը եւ սոպրանո Լիաննա Հարությունյանը միաժամանակ հանդես կգան Լոնդոնի հանրահայտ Քովենթ Գարդեն Թագավորական օպերային թատրոնում։ Հատկանշական է, որ Երեւանի պետական կոնսերվատորիայի երբեմնի սաներն այսօր ապրում եւ ստեղծագործում են Եվրոպայի տարբեր քաղաքներում, ելույթներ են ունենում աշխարհի տարբեր բեմահարթակներում, սակայն հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 9-ի ընթացքում հանդես կգան Քովենթ Գարդենում բեմադրված ներկայացումներում։ Սա իրոք պատմական երեւույթ է ոչ միայն մեր օպերային արվեստի պատմության մեջ, այլեւ այս թատրոնի, ինչպես նաեւ հայ երգիչների ստեղծագործության ու տաղանդի գնահատականն է։
Տենոր Լիպարիտ Ավետիսյան
Հունվար 28-ին հայազգի տենոր Լիպարիտ Ավետիսյանը կկատարի Ալֆրեդի դերը Վերդիի ՚՚Տրավիատա՚՚ օպերայում։Նա այս պատվին է արժանացել՝ ստանալով Dame Kiri Te Kanawa հիմնադրամի մրցանակը։
Սոպրանո Անուշ Հովհաննիսյանը վերադառնում է այս թատրոն մեներգով՝ Քովենթ գարդեն Թագավորական Բալետի բարձր գնահատված Ուլֆի գործերի ներկայացմանը՝ Woold Works ժամանակակից բալետում։ Բեմադրող խորեոգրաֆն է աշխարհահռչակ բալետմեյստր Վայն Մաքգրեգորը, իսկ ներկայացումները ծրագրված են հունվարի 21-ին, փետրվարի 2-ին, 4-ին, եւ 8-ին։
սոպրանո Անուշ Հովհաննիսյան
Գերմանական Նյուրենբերգի օպերային թատրոնի պրիմա, սոպրանո Հրաչուհի Բասենցը կկատարի Ադրիանայի դերերգը Չիլեայի ՚՚Ադրիանա Լեկուվրոր՚՚ օպերայում՝ իր դերը կիսելով օպերային աստղ Անջելա Գեորգեույի հետ։ Ներկայացումները ծրագրված են փետրվարի 21-ին եւ մարտի 2-ին։
սոպրանո Հրաչուհի Բասենց
Սոպրանո Լիաննա Հարությունյանը նույնպես վերադառնում է Լեոնորայի դերերգով Վերդիի ՚՚Տրուբադուր՚՚ օպերայում։ Լիաննայի ելույթները նախատեսված են հունվարի 26-ին, 28-ին, 31-ին եւ փետրվարի 3-ին, 6-ին եւ 9-ին։
Սոպրանո Լիաննա Հարությունյանը Լեոնորայի դերում
Հատկանշական է, որ Լիպարիտ Ավետիսյանն ու Հրաչուհի Բասենցն առաջին անգամ հանդես կգան այս աշխարհահռչակ բեմում։
Հաջողություն ենք մաղթում մեր օպերային աստղերին եւ փայլուն ելույթներ` Լոնդոնի ամենահայտնի թատրոնի բեմում։