Վանաձորի ավագանու կողմից փակ քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 19 ձայն: «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը ստացավ 14 ձայն:
Մեկնաբանելով Վանաձորի քաղաքապետի ընտրությունները՝ Shabat.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նշում է, որ նման արդյունքը սպասելի էր. «Ենթադրելի էր, որ որոշ պայմանավորվածություններ անպայման ձեռք կբերվեն, ընդհուպ մինչև համոզելու, կաշառելու, ճնշելու և այլ մեթոդներ: Իշխանությունը հեշտ ու հանգիստ չէր հանձնվելու»:
Իրավապաշտպանն ուշադրություն է դարձնում շատերի կողմից որպես ընդդիմադիր ընկալվող ուժերի դիրքորոշմանը. «Չպետք է մոռանալ, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունների կայացվածությունը շատ անմխիթար վիճակում է: Խոսքն այս դեպքում վերաբերում է մասնավորապես «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որի առումով լուրջ մտահոգություններ կային, թե արդյո՞ք այդ կուսակցության անդամները կքվեարկեն ըստ «Լուսավոր Հայաստանի» հետ կնքված համաձայնագրի, թե՞ ոչ»:
Ընդհանրացնելով Վանաձորի քաղաքապետի ընտրությունները՝ Սաքուցը նկատում է. «Տեղի ունեցավ ընտրողների ձայների խեղաթյուրում, քանի որ ընտրողների մեծամասնությունը ձայն չէր տվել Հանրապետական կուսակցության ավագանու անդամներին, բայց ավագանու քվեարկության արդյունքում ՀՀԿ ներկայացուցիչը դարձավ քաղաքապետ: Այսինքն՝ այս ընտրությունները չհամապատասխանեցին ընտրողների կամքին և ցանկությանը»:
«Այժմ կուսակցությունները շարունակում են իրենց քաղաքականությունը և հիմա շատ կարևոր է, թե ավագանու հարցերը քննվելու են անձնական շահերի՞ տեսանկյունից, թե՞ համայնքային խնդիրների լուծման»,-ընդգծում է Սաքունցը:
Անուշ Հարությունյան