Կարևոր իրադարձություններ

Հանդիսավոր նիստ՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան (Լուսանկարներ)

09 Հոկտեմբեր, 2015 12:00
Հանդիսավոր նիստ՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան (Լուսանկարներ)

Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անվտանգության խորհրդի անդամներ, կառավարության անդամներ, փաստաբանների պալատի նախագահը, պաշտոնատար այլ անձինք։
Հանդիսավոր նիստում հրապարակվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝  Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ. 

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, հոկտեմբերի 8-ը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օր է սահմանվել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ։ Այն համընկնում է կոմիտեի վերջնական կազմավորման օրվա հետ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել  2014 թվականի հունիսի 28-ին, եւ ըստ անցումային դրույթների՝ սկսել լիարժեք գործել հոկտեմբերի 8-ից։ 

Շնորհավորելով կոմիտեի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որ կառույցի կայացման ընթացքը եղել է աննախադեպ եւ ծայրահեղ լարված, քանի որ քրեադատավարության օրենսգրքով իրեն վերապահված գործառույթներին զուգահեռ անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել կառույցի առջեւ ծառացած առաջնային եւ հրատապ իրավական, կադրային եւ նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ։ 

«Հայաստանի քննչական կոմիտեի գործունեության մեկամյա ժամանակաշրջանն էլ բավարար է ասելու, որ ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, պետականության և իրավակարգի ամրապնդման գործումե,- հայտարարեց Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով.  «Հասարակությունը մեծ սպասելիք ունի նորաստեղծ քննչական կոմիտեից, ինչի մասին են վկայում քաղաքացիներից արդեն իսկ ստացված հազարավոր նամակները: Այդ խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ քննչական կոմիտեի գործունեությունը համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին, և քննիչներն ապահովեն ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը»:

«Գիտակցելով, որ Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման երաշխիքներից է ազնիվ, սրտացավ և արհեստավարժ քննիչների առկայությունը՝ համակարգը համալրելու ենք հենց այդպիսի քննիչներով՝ հետևողականորեն կիրառելով քննչական ծառայության կայունության, քննիչներին ներկայացվող պահանջների միասնականության, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության սկզբունքները: Անհրաժեշտ է հարգել քննիչի  դատավարական ինքնուրույնությունը, չխոչընդոտել նրա ստեղծագործական բարդ աշխատանքին, այլ հոգատարությամբ նպաստել նրա գործունեությանը»,- հայտարարեց ՀՀ ՔԿ նախագահը՝ նշելով, որ կոմիտեի ծառայողներին ուղղված պահանջները խիստ են եւ որեւէ աշխատակցի  կողմից  կոմիտեի ծառայողին անհարիր,  վարկաբեկող որեւէ արարք անպատիժ չի մնա:

Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացան պետական և գերատեսչական բարձր պարգևների: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին