Կարևոր իրադարձություններ

Վաղը ԱՄՆ Սենատում լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների աննախադեպ խախտումների վերաբերյալ

27 Հոկտեմբեր, 2015 15:34
Վաղը ԱՄՆ Սենատում լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների աննախադեպ խախտումների վերաբերյալ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 28-ին ԱՄՆ Սենատում լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է գործակալության վաշինգտոնյան թղթակիցը։

«Ընտրությունների շեմին մարդու իրավունքներն Ադրբեջանում» խորագրով լսումները նախաձեռնել են սենատորներ Մարկ Կիրկն ու Քրիս Քունսը, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։ Նախաձեռնությունը պայմանավորված է Ադրբեջանում նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների առաջ մարդու իրավունքների խախտումների ու քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների շարունակմամբ։

Վերջին մեկ տարում Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ենթարկվել է աննախադեպ ճնշումների, ավելի քան մեկ տասնյակ լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, քաղաքական ու կրոնական գործիչներ հայտնվել են վանդակաճաղերից այն կողմ։ Նրանցից շատերը ենթարկվել են կտտանքների ու տանջանքների, և դա այն դեպքում, երբ նրանց առողջական վիճակը ծանր է, ինչպիսին որ, օրինակ, Լեյլա և Արիֆ Յունուսների պարագայում է։

Հալածանքների և ճնշումների են ենթարկվել նաև ամերիկյան ՀԿ-ները, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչները, որի աշխատակիցները ենթարկվել են հալածանքների ու կալանավորվել են, ինչպես, օրինակ, Խադիջա Իսմայիլովան։

Միջոցառման մոդերատորի դերում հանդես է գալու ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Կրամերը։

 

Լրահոս

Դիտել ավելին