Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչում վատն եք տեսնում. Երևանի փոխքաղաքապետն իր հոր հիմնադրած ընկերության և իրականացվող բիզնես-ծրագրի մասին. «Փաստ»

03 Սեպտեմբեր, 2024 08:03
Ամեն ինչում վատն եք տեսնում. Երևանի փոխքաղաքապետն իր հոր հիմնադրած ընկերության և իրականացվող բիզնես-ծրագրի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել և այս նպատակով 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել: «Փաստը» կապ հաստատեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ՝ ճշտելու, թե ինչպես է իր թոշակառու հայրը կարողացել նման մեծ հողատարածքներ գնել: Վերջինս նախ խորհուրդ տվեց ուշադիր կարդալ թեմայի հետ կապված հրապարակումը:

«Այնտեղ պարզ գրված է, որ հայրս վարկ է վերցրել: Դուք երևի սովոր չեք, որ պաշտոնյայի հարազատը կարող է բիզնես գործունեություն ծավալել ոչ թե թալանված փողերի հաշվին, այլ վարկի միջոցով: Բայց պիտի սովորեք, որ դա անցյալում է: Մենք չենք թալանում, նման միջոցներ չունենք, ուստի հայրս իր բիզնես գործունեությունը որոշել է զարգացնել վարկի միջոցով, որը դեռ պետք է փակել»,-ասաց Փամբուխչյան:

Իսկ ինչպե՞ս է եղել, որ իր հայրը հաջողացրել է նաև պետական սուբսիդավորում ստանալ 102,5 մլն դրամի չափով: «Այնպես չէ, որ պետությունը հորս բիզնեսի համար այդքան գումար է տրամադրել: Խոսքը զուտ վարկի տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորման մասին է: Հայրիկիս ղեկավարած ընկերությունը ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի սուբսիդավորման բաղադրիչի շահառու է:

Ավելին, մեկ անգամ այդ ընկերությունը դիմել և մերժվել է, հետո շտկումներ են կատարել բիզնես-ծրագրում և կարողացել են դառնալ ծրագրի շահառու: Այսօր մեր երկրում չմշակվող բավական հողատարածքներ կան, վա՞տ է, որ այգիներ են հիմնվելու, աշխատատեղեր են ստեղծվելու, պետբյուջե գումարներ են մտնելու»,-նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը՝ «ձեռքի հետ» մեզ մեղադրելով, թե ամեն ինչում միայն վատն ենք տեսնում. «Չնայած, գուցե դուք մեղավոր չեք, ի վերջո տարիներ շարունակ դա եք տեսել: Բայց նորից եմ կրկնում՝ այդ ամենն անցյալում է»: Անցյալը՝ անցյալ, բայց այս գործի մեջ շոշափվում է նաև «Սպայկա» ընկերության անունը։

«Գիտեք, ես այդ ծրագրի հետ կապ ունեմ միայն այնքանով, որ այդ բիզնես-ծրագրի ղեկավար Սոկրատ Փամբուխչյանն իմ հայրն է: Եվ վերջ: Իսկ «Սպայկան» Հայաստանում խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգն է, ու երևի թե բնական է, որ հանդես է եկել որպես ծրագրի «երաշխավոր», ինչն ընդունված պրակտիկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Այսինքն, որպես կապալառու՝ այդ կազմակերպությունն իրականացնելու է այգու հիմնման աշխատանքները, ինչը նաև երաշխիք է լինելու ոչ միայն բիզնես ծրագրի իրականացման, այլև բերքի բարեհաջող իրացման համար, որը օգուտներ է տալու ոչ միայն բիզնես կողմերին, այլև հարյուրավոր մարդկանց, որոնք աշխատատեղ են ունենալու, և, իհարկե, պետությանը», - ամփոփեց Արմեն Փամբուխչյանը, ապա կտրուկ նշեց, որ այլևս չի կարող մեր հարցերին պատասխանել: Ավելի ուշ փորձեցինք ևս մի քանի հարցի պատասխան ստանալ, սակայն հետագա մեր զանգերը մնացին անպատասխան»:

Հոդվածն ամբքղջությամբ` թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին