ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգով առաջին ու կարևոր սկզբունքը «բաց դռների» քաղաքականությունն է: Այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով Ներդրումային քաղաքականության հայեցակարգը, որն այսօր կառավարության կողմից հավանության արժանացավ:
Նախարարի խոսքերով՝ «բաց դռների» քաղաքականությունը իրականացվում է, բայց փաստաթղթային առումով չէր ֆիքսվել:
Կ. Ճշմարիտյանն ասաց, որ որպես խնդիրների լուծման և սահմանված նպատակներին հասնելու հիմնական գրավական` Կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածում ներդրումների խրախուսումը:
Նախարարը նշեց նաև, որ հայեցակարգով կառավարությունն առանձնահատուկ պայմաններով խրախուսելու է սփյուռքահայ գործարարների ներդրումները:
«Այդ նպատակով սփյուռքահայերի համար ստեղծվելու է խրախուսման համար նպաստավոր միջավայր»,- նշեց Կ.Ճշմարիտյանը:
Հարցին, թե կառավարությունում հավատո՞ւմ են, որ այս հայեցակարգով ներդրումները Հայաստանում կաճեն, նախարարը պատասխանեց, որ եթե հույս չունենային, որ փաստաթուղթը նպաստելու է ներդրումների ավելացմանը, ապա ոչինչ չէին անի, ոչ մի հայեցակարգ չէին ընդունի: