Առաջիկայում Գերագույն ռադայի քննարկմանը կներկայացվի Ուկրաինայի պետական ինքնիշխանության ժխտում պարունակող գրքերի առգրավման մասին օրինագիծ: ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ, այս մասին երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար, փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն:
Նրա խոսքով, սահմանափակման մի քանի տարբերակ կա, միաժամանակ, դիտարկվում է ռուսական գրքերի ներկրման ամբողջական արգելքի տարբերակը:
«Սա բարդ հարց է, այստեղ ամեն ինչ միանշանակ չէ»,- ընդգծել է պաշտոնյան՝ հավելելով, որ այդ դեպքում կարող են արգելքի տակ հայտնվել նաեւ գիտական հրատարակությունները եւ Ուկրաինայի հանդեպ չեզոք դիրքորոշում արտահայտող գրականությունը:
Նախարարը նշել է, որ մշակվում է նաեւ արգելքի մեկ այլ տարբերակ. «ավտոմատ լիցենզավորման ներդրում, երբ հաղորդում է ստացվում այն մասին, որ ուկրաինական սահմանով ռուսական հրատարակության գիրք է անցնում, որը ազգամիջյան ատելության հրահրում, Ուկրաինայի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության ժխտում է պարունակում, ապա այն բռնագրավվում է»: