«Այն երկրներում, որտեղ ներդրվել է աշխատաժամանակը կրճատելու հնարավորությունը, արտադրողականությունն ավելի բարձր է, անգամ արդյունաբերության ոլորտի արտադրողականությունն է բարձր»:
2024 թվականի աշխատանքները ամփոփելու շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ նախարարությունը ուշադրություն է դարձնում այնպիսի հարցերին, ինչպիսիք են անձնական կյանքի և աշխատանքի հավասարակշռումը, աշխատանքից բավարարվածությունը, հոգեբանական խնդիրներից խուսափելը և աշխատանքային մոտիվացիայի բարձրացումը: Նա ընդգծեց, որ աշխատանքային ժամերի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ աշխատողների կյանքում:
Նա նշեց, որ որոշ երկրներ արդեն անցել են աշխատաժամանակի փոփոխության, և միջազգային փորձը ցույց է տվել, որ աշխատանքային արտադրողականությունը բարելավվել է այն ժամանակ, երբ աշխատաժամերը կրճատվել են 8 ժամից 7 ժամի:
Նարեկ Մկրտչյանը նաև հավելեց, որ մեկ այլ միջոց, որով հնարավոր է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, աշխատանքի օրերի կրճատումն է 5-ից 4-ի:
Այս առաջարկը դեռ միայն նախագիծ է, որը հանրային քննարկման է դրված:
Նախարարն ընդգծեց, որ սա որոշում չէ, և նախ պետք է կազմակերպվեն քննարկումներ ոլորտի ներկայացուցիչների, կառավարության գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ ընդհանուր եզրեր գտնելու համար: