Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորման, սերտացման և փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման և ընդլայնման համար:
««ՀՀ կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
Նախորդ տարվա հունիսի 11-ին ստորագրված համաձայնագրով մաքսային մարմինները տեղեկատվության փոխանակման որոշակի ռեժիմ կունենան: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության և փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում և հստակեցում:
Ռաֆայել Գևորգյանը հույս է հայտնել, որ այս տարի որոշակի անցման կետերում կլինեն էական բարելավումներ՝ օգտագործելով նաև ԱՄՆ կառավարության տրամադրած աջակցությունը: