Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները խանգարել են լրագրողներին հայտնվել վաշինգտոնյան համալսարանում նրա ելույթին։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Հաղորդվում է, որ ամերիկյան այցի շրջանակում Էրդողանը ելույթ է ունեցել դասախոսությամբ Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում, սակայն, ըստ ականատեսների, Էրդողանի թիկնապահները կոնֆլիկտի մեջ են մտել լրագրողների հետ: Ականատեսները հայտնել են, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունը թույլ չի տվել սրահ մուտք գործել լրագրողներին, ովքեր ցանկացել են լսել Էրդողանի ելույթը:
Վաշինգտոնի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել՝ կանխելու համար ընդհարումը թիկնազորի, լրագրողների ու Էրդողանի քաղաքականության դեմ ցույցի դուրս եկած մարդկանց միջև: Ինստիտուտի աշխատակիցների միջամտությունից հետո լրագրողներին, այնուամենայնիվ, թույլատրել են մուտք գործել սրահ:
Պարբերականի տեղեկություններով՝ ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը քննադատել է այն աջակցությունը, որն ԱՄՆ-ն ցուցաբերում է սիրիացի քրդերին: Բացի այդ, նա մեկնաբանել է իր կոնֆլիկտը մի շարք թուրքական ԶԼՄ-ների հետ՝ հայտարարելով, թե պայքարում է «վիրավորանքների ու զրպարտության դեմ»: