Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այցելել է Տիգրանակերտ նահանգի Սուր շրջան (պատմական Հայաստան, այժմ` Դիարբեքիր քաղաքը), ուր հզոր բախումներ են ընթանում:
Անդրադառնալով զինված բախումներին, որոնց ընթացքում թուրք զինվորներ են մահանում, ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն ասել է. «Սա վերջին մեկուկես տարվա ընթացքում իմ 5-րդ այցելությունն է Դիարբեքիր: Աստված տա, ավելի հաճախ ենք այցելելու: Ես միշտ կարևորում եմ Սուրի վրա ինքնաթիռով գոնե մեկ պտույտ անելը: Սուրը կառուցվել է որպես մարդու սիրտ: Հավանաբար, դա հիմնողներն ուղղաթիռով կամ օդանավով չեն եկել այնտեղ»:
Ակնարկելով Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամներին, որոնք Թուրքիայում ահաբեկիչներ են համարվում, նա ասել է. «Երբ հեռանան, մնալու են Դիարբեքիրի հիշողության մեջ: Ես 2013-ին ելույթ էի ունեցել` խաղաղության գործընթացի բանակցությունների մեջ էինք: Մեծ հույսեր, ապագայի հետ կապված հեռանկար ունեինք»:
Ելույթի ընթացքում Դավութօղլուն պարբերաբար գովերգել է պատմական Տիգրանակերտը, այն համեմատելով Փարիզի հետ: «Ասում են՝ Դիարբեքիրը Արևելքի Փարիզն է: Ի՞նչ Փարիզ… Երբ Դիարբեքիրը քաղաք էր, Փարիզն անգամ գյուղ չէր»,- ասել է Թուրքիայի վարչապետը: