ԱՄՆ-ը պնդում է, որ Սիրիայում նախկինի պես պահպանվում է խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառման սպառնալիքը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է ԱՄՆ Պետդեպը:
«Սիրիայի մասերից ոչ մեկը չի կարող անվտանգ համարվել բռնությունից,- կարծում են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունում:- Ամբողջ երկրում առկա է թշնամական գործողությունների հնարավորություն, ներառյալ՝ մարդկանց առևանգումների և քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի կիրառման: Հրետանային գնդակոծությունները և օդային ռմբակոծությունները, այդ թվում՝ խիտ բնակեցված շրջաններում, զգալիորեն մեծացնում են մահվան կամ վիրավորվելու ռիսկը»:
Միաժամանակ, Պետդեպը չի նշել՝ մասնավորապես ումից է գալիս Սիրիայում քիմիական զենքի կիրառման սպառնալիքը: 2014 թ. Դամասկոսի հայտարարագրած թունավոր նյութերի ամբողջ զինանոցը ոչնչացվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածության համաձայն, բայց դրանից հետո պարբերաբար տեղեկություններ են ստացվել հակամարտողների կողմից քլորի կիրառման մասին, որը պաշտոնապես քիմիական զենք չի համարվում: