Կարևոր իրադարձություններ

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը ազատ արձակվեց

22 Հոկտեմբեր, 2015 13:25
Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը ազատ արձակվեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 22-ին բավարարեց ցմահ դատապարտյալ, ազատամարտիկ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանին հիվանդության պատճառով պատժից ազատելու միջնորդությունը և որոշեց ազատ արձակել նրան:

Իրանի քաղաքացի ադրբեջանցու սպանության համար 20 տարի առաջ մահապատժի, իսկ 2003-ին ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ունի պատժի կրմանը խոչընդողտող մի շարք հիվանդություններ: Դատապարտյալների հիվանդանոցի ներկայացուցիչը, այսօր ավելի վաղ դատարանին ներակայցնելով միջնորդությունը, ասել էր, որ նա մասնավորապես ունի սրտի իշեմիկ հիվանդություն և պատժի կրման հետ անհամատեղելի այլ հիվանդություններ:

Դատախազության ներկայացուցիչը միջնորդությունը հիմնավոր էր համարել:

Դատական նիստին Սողոմոն Քոչարյանի շահեերի ներկայացուցիչ փաստաբան Գրիշա Բալասանյանն ասել էր, որ դեռ օգոստոս ամսին պարզ էր, որ իր պաշտպանյալն ունի նման հիվանդություններ, և բյուրոկրատական համակարգի պատճառով էր, որ նրա ազատ արձակման գործընթացը ձգձվեց:

Նա ներկայացրել էր նաև վիճակագրություն, ըստ որի` 2012-2014 թթ-ի ընթացքում Հայաստանում կալանավայրերում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ը ունեցել են պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն:

Սողոմոն Քոչարյանն այս պահին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է: Փաստաբան Բալասանյանի խոսքով` նա ի վիճակի չէ տեղաշարժվել և առհասարակ ինքնուրույն որևէ գործողություն անել:

Ակնարկ

Նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի գործում նոր հանգամանքներ էին ի հայտ եկել, երբ լրագրող Զարուհի Մեջլումյանը սկսել էր զբաղվել ցմահ դատապարտյալների գործերով: Բացահայտվել էր, որ 1995թ․ Սողոմոն Քոչարյանի գործով դատախազ Ժիրայր Խառատյանը իր ինքնակենսագրականում, խոստովանել է` իր վրա ճնշումներ են գործադրվել Քոչարյանի գործով խիստ պատիժ պահանջելու համար։ 1995թ․ դատավճիռը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա բեկանելու և այդ գործով նոր քննություն սկսելու հաղորդումը մայիսին ներկայացրել էր «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը։ Գլխավոր դատախազությունը գործի վերանայման վարույթ հարուցելը մերժել էր` հիմնավորելով, որ դատախազ Խառատյանի հայտարարությունը՝ իրանական կողմի քաղաքական ճնշումների մասին, չի դիտարկվել որպես նոր երևան եկած հանգամանք: Փաստաբան Ռևազյանը Գլխավոր դատախազության մերժման որոշումը բողոքարկել էր դատարանում: Սակայն դատավորն իր որոշման մեջ առհասարակ չէր անդրադարձել Սողոմոն Քոչարյանի գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթ սկսել-չսկսելու հիմքերին՝ պատճառաբանելով՝ քանի դեռ սպառված չեն բողոքարկման բոլոր հնարավորությունները, դատարանը չի կարող անդրադառնալ բողոքի բովանդակային կողմին։ Ռոբերտ Ռևազյանը բողոքարկել էր մերժման որոշումը նաև վերադաս դատախազին: Կրկին մերժում ստացել: Ապա նորից դիմել էր դատարան։

Արդեն 20 տարի անազատության մեջ գտնվող հետախույզ, ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը պատիժը կրելու ընթացքում կորցրել է ընտանիքի մեծ մասին. կինը մահացել է, աղջիկը՝ ինքնասպան եղել։ Պատիժը կրելու ընթացքում Քոչարյանը մեկ այլ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հետ երկու անգամ փախուստի է դիմել կալանավայրից։

 

Լրահոս

Դիտել ավելին