Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
Իրանի ժողովրդի կողմից սիրելի այս տոնը, որը խարսխված է բազմադարյա մշակութային ավանդույթների վրա, խորհրդանշում է նոր սկիզբ և զարթոնք:
Մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են հանդիսանալ այն հիմքը, որի վրա զարգանում և օրըստօրե ընդլայնվում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցությունը: Թող այս տոնը Ձերդ վսեմությանը բերի քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ»:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի եղբայրական ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Գարնանային զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող նորանոր նվաճումներ և հաջողություններ բերի Իրանի ժողովրդին, իսկ Հայաստանի և Իրանի միջև սերտ բարիդրացիական հարաբերությունները շարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի նպաստ մեր պետությունների և ողջ տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, և մենք պատրաստ ենք ընդլայնելու և ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: