Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների 2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին:
Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ՝ Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտի կողմից։
«Եվրոպա Նոստրայի» խորհուրդը հաղթող 7 մասնակիցներին առանձնացրել է 14 հուշարձանների և ժառանգության վայրերի ցանկից, որը հաստատվել էր «7 ամենավտանգված» ծրագրի խորհրդատվական խմբի կողմից: 2025 թ. «7 ամենավտանգված» ծրագրում ժառանգության վայրերի առաջադրումները կատարել կամ հաստատել են «Եվրոպա Նոստրայի» և Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:
Այսպիսով՝ 2025-ի Եվրոպայի ամենավտանգված 7 ժառանգության վայրեր են ճանաչվել.
Առաքելոց վանական համալիր և գյուղատեղի, Հայաստան
Նիբորգ ամրոց, Դանիա
Մոնեմվասիայի ամրոց, Հունաստան
Օռլայի Մեծ սինագոգ, Լեհաստան
Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, Սերբիա
Վալհալլա լողասրահ, Գյոթեբորգ, Շվեդիա
Վիկտորյա Թաուերի այգիներ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն։