Դոգի անհետացումը, դեսպանորդային միմոսությունների համար քրեական հետապնդումը, Գյումրու քաղաքական ռազբոռկաները և շատ ավելի կարևոր բաներ ձևավորեցին շաբաթի ամենաքննարկվածների այս Top 5-ը։
5. Էդգար Ղազարյան
Նախկին դեսպանից ու մարզպետից ինքն իրեն ծաղրածու դարձրած գործիչը տարբեր լրատվական բիսետկաներում հանրության համար աննկատ դուրս էր տալիս։ Մին էլ ըհն մեծն Վահե Գրիգորյանի հոգու նուրբ լարերը խոցվեցին ու Էդգար Ղազարյանը զավեշտալի պերսոնաժից ՍԴ վիրավորված դատավորի ձեռամբ վերացվեց գոնե մի քանի օր քննարկված քաղաքական հալածյալի։ Այսպիսով, Հայաստանում կիրառվեց քրեական օրենսգրքի մի մոռացված հոդված, որով Հրայր Թովմասյանի սրտի ծաղրածուներին արգելվեց քննադատել իշխանության սրտի դատավորներին։
4. Դոգ
Տարբեր քաղաքական այրեր ու լրագրողներ դեմքի ամենայն լրջությամբ սկսել էին ակտիվ շփվել ու երբեմն էլ փառաբանել նրան։ Իսկ նա էլ վերցրեց ու անհետացավ։ Մարդիկ օրեր շարունակ չէին հասկանում՝ երկրից փախած, բոլորի հասցեին խայտառակ ստեր ու հայհոյանքներ տարածող, երեխաներին պղծող, եկեղեցուն ու Աստծուն ծաղրող, Բաքվում հայ գերիներին գնդակահարելու կոչեր անող ազգային այս մեծագույն ամոթը եթերից կորել է իր շուրջ հերթական շոուն սարքելու համար, թ ի վերջո վրա է հասել արդարացի պատիժը։
3. Գագիկ Ծառուկյան
Մինչ հայ հանրությունը զբաղված էր ճղճիմ բաներ քննարկելով, Ծառուկյանը հեծնեց իր սպիտակ հրեղեն ձին, թռավ հասավ Բելառուս ու Ալիևի ճիրաններից փրկեց բլոգեր Բելլա Բաբախանյանին։ Բաքվում պահվող բազմաթիվ հայերի ցուցադրվող տառապանքների ֆոնին գոնե մեկ հայի փրկությունը այնքան բարձրացրեց Ծառուկյանի վարկանիշը, որ ոմանք խանդից որոշեցին փչացնել այս փոքր տոնը ու բերման ենթարկեցին Ծառուկյանի փեսային։
2. Սարիկ Մինասյան
Գյումրու քաղաքական գզվրտոցների ու կիսագողական ռազբոռկաների ֆոնին նա առանձնանում է իր հանդարտ ու դրական խոսույթով։ Իշխանության Սարիկը ստիպված եղավ սարի պես կանգնել Ալեն Սիմոնյանի վերջին աղմկահարույց ասածների թիկունքին և իր վրա վերցնել լրագրողական հարվածները նաև այս թեմայով։ Նա հայտարարեց, որ ինքը լավ չի կռվել ու բոլորը լավ չեն կռվել, դրա համար ենք կորցրել Արցախը։ Սակայն ինչ մեղք ուներ Գյումրիում հարգված Սարիկը Արցախի կորստի համար՝ շատ քննարկվեց, բայց այդպես էլ պարզ չդարձավ։
1. Ռուբեն Վարդանյան
Վերջապես հայ ժողովուրդը ստափվեց ու սկսեց քննարկել ամենակարևորը՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը։ Ռուբեն Վարդանյանը իր հացադուլով, Բաքվի խայտառակ դատավարությանը իր խոշտանգված արտաքինով ու անձնական մեծ ինքնազոհողությամբ կարողացավ մարդկանց հիշեցնել, որ ժամանակն է աշխարհում ամեն տեղ և ամեն կերպ պահանջել հայ գերիների ազատ արձակումը։ Ոմանք փորձում են ազգային այս մեծ ցավը վերածել իշխանությունների դեմ ներքաղաքական խաղերի, ոմանք փորձում են գերիներին մեղադրել Բաքվում հայտնվելու մեջ, ոմանք խաղեր են տալիս գերիներին Բաքվում գնդակահարելու կոչեր հնչեցնողների հետ, բայց հայ ժողովրդի մեծ մասը գիտի, որ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների վերադարձը ամենակարևոր ազգային առաքելությունն է բոլոր արժանապատիվ հայերի համար։